Մեծ Բրիտանիայում Գլոստերշիրի քաղաքային խորհրդի հնագիտական ծառայության աշխատակիցները օդային ուսումնասիրություն են կատարել լիդարի միջոցով եւ հայտնաբերել հնագույն քարե շրջան, որն ավելի վաղ բրոնզե դարի անհայտ հուշարձան էր, հաղորդում է RG-ը՝ հղում կատարելով BBC News-ին: Արտասովոր եւ ձեռքով պատրաստված օղակաձեւ քարե առարկան դեռեւս մի քանի տարի առաջ Անգլիայի հնագույն անտառներից մեկում հայտնաբերել էր հնագետ Ջոն Հոյլը:
Նա ենթադրել է, որ գտածոն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվող հրետանային սարքավորման մնացորդ է: Սակայն իրականացված հետազոտությունը թույլ է տվել պարզել գտածոյի տարիքը. այն ստեղծվել է մ.թ.ա 2500-1500 թվականների միջակայքում:
Վերգետնյա պեղումների օգնությամբ ավելի շատ տեղեկատվություն ստանալ չի հաջողվել: Եւ այդժամ հնագետներն իրականացրել են օդային ուսումնասիրություն լիդարի միջոցով, որը համեմատաբար նոր տեխնոլոգիա է եւ թույլ է տալիս սքանավորել տեղանքը:
Ստացված լուսանկարների միջոցով հնարավոր է դարձել նույնականացնել հանելուկային օբյեկտը, ինչպես նաեւ պարզել դրա չափսերը: Հայտնի է դարձել, որ դա այսպես կոչված օղակաձեւ բուրգ է եւ ենթադրաբար ծառայել է որպես ծիսական արարողություններ անցկացնելու համար վայր՝ ունենալով քարե շրջանի տեսք:
Այդօրինակ հնագույն առարկաներն արդեն հանդիպել են Անգլիայի ուրիշ կոմսություններում, սակայն դա առաջին օղակաձեւ բուրգն է, որը հայտնաբերվել է Գլոստերշիրում: Դրա տրամագիծը կազմում է շուրջ 25 մետր: Բուրգը շրջապատված է սպիտակ մանր քարերով 5-սանտիմետրանոց եզրով: Դրա երկայնքով տեղադրված են առնվազն տասը սպիտակ քարեր, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը չէր գերազանցում մեկ մետրը:
«Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչի համար է օգտագործվել բուրգը, ասում է Ջոն Հոյլը:-Դրանցից մի քանիսը հայտնաբերվել են մի շարք այլ իրերի հետ: Այդպիսի վայրերում հաճախ հայտնաբերում են անտառային ածխի մնացորդներ, ինչը կարող է վկայել կրակի հետ կապված ծեսերի անցկացման մասին»:




























