Սուզորդները շնաձկան տասներեք ատամներ են հայտնաբերել կենտրոնական Մեքսիկայի քարանձավներում՝ հաստատելով հնագետների այն տեսությունը, որ ինչ-որ ժամանակ այդ տեղանքը գտնվել է ջրի տակ։ Գիտնականները կարծում են, որ ատամները պատկանում են երեք տարբեր տեսակի շնաձկների, այդ թվում նաեւ մեգալոդոնի, որն ապրել է 2,5 միլիոն տարի առաջ, գրում է Planet Today-ը։
Առաջին գտածոն հայտնաբերել են սուզորդները, որոնք պատի մեջ ոչ հատկանշական գոյացություն են նկատել եւ մոտիկից նայելով՝ պարզել են, որ ատամ է։ Այդ պահից սկսած՝ սկսվել է քարանձավի մնացած մասում այլ ապացույցների որոնումը, որի արդյունքում հայտնաբերվել են նոր պալեոնտոլոգիական եւ անտրոպոլոգիական գտածոները։
Բացի շնաձկների ատամներից, նրանք գտել են նաեւ քարացած ողնաշարեր, որոնք կարող էին պատկանել մեծ չափի անհետացած կենդանու, եւ որոնք դեռ պետք է նույնականացնել։ Հայտնաբերվել է նաեւ քարացած մարդկային կմախք, որի նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա երիտասարդի է պատկանել։
Ի դեպ, մայաների լեզվով, Սենոտ Խոսը, որտեղ գտնվել են հնությունները, նշանակում է «շնաձկան ջրհոր»։ Այն Մերիդում իր մեծությամբ երրորդն է եւ ունի ավելի քան 600 մ երկարություն եւ 28 մ խորություն։ Ու թեւ քարանձավների մի մասը դժվարամատչելի է, այնուամենայնիվ, գիտնականները հույս ունեն շարունակել հետազոտությունները եւ նոր բացահայտումներ կատարել։
Հարկ է նշել, որ մեգալոդոնը ողնաշարավորների պատմության մեջ ամենախոշոր եւ ուժեղ գիշատիչներից է։ Դրա երկարությունը կազմել է 18 մ, իսկ քաշը մոտ 100 տոննա։




























