Շները ոչ միայն դրական ազդեցություն են ունենում իրենց տերերի առողջության վրա, այլեւ կարող են նկատելիորեն երկարաձգել նրանց կյանքը։ Ինչպես տեղեկացնում է Circulation: Cardiovascular Quality and Outcomes ամսագիրը, այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան հետազոտողները, հայտնում է Planet- today-ը։
Ամերիկյան գիտնականնները պարզել են, որ տանը շան ներկայությունը 25 տոկոսով նվազեցնում է դրա բնակիչների վաղաժամ մահվան հավանականությունը։ Այս թիվը հաշվել հաջողվել է նախկինում կատարված զանգվածային տասը այն հետազոտությունների վերլուծության շնորհիվ, որոնց մասնակցել է մոտ 4 միլիոն մարդ։
«Մարդկանց, որոնք տառապում են սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, մյուսներից ավելի շատ է պետք մտածել շուն պահելու մասին։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ շունը մոտ երեք անգամ նվազեցնում է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց վաղաժամ մահը։ Եւ դա բավական շոշափելի է»,- նշել են գիտնականները։
Սրտաբանության ոլորտի փորձագետ Դրուվ Քազին ասում է, որ շունը օգնում է հաղթահարել անհանգստության զգացումը, բարձրացնում է տրամադրությունը, ինչպես նաեւ թույլ է տալիս ազատվել առողջության համար շատ վտանգավոր մենակության զգացողությունից։ Դրա հետ մեկտեղ, շունը շատ դրականորեն է ազդում հոգեկան առողջության վրա, որից անմիջականորեն կախված է ֆիզիկական առողջությունը։ Եւս մեկ օգտակար գործոն՝ շանը պետք է պարբերաբար զբոսանքի տանել, որը օգնում է պահպանել ֆիզիկական ակտիվությունը։




























