Հաջորդ տարի Իտալիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը աշակերտներին կպարտավորեցնի ուսումնասիրել կլիմայի փոփոխությանը եւ կայուն զարգացմանը վերաբերող խնդիրները, հայտարարել է կրթության նախարար Լորենցո Ֆիորամոնտին, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքերով, պետական դպրոցները հաջորդ ուսումնական տարվա սկզբից տարեկան 33 ժամ, շաբաթական մոտ 1 ժամ կտրամադրեն կլիմայի փոփոխության խնդիրների ուսումնասիրմանը։ Շատ ավանդական առարկաներ, ինչպես աշխարհագրությունը, մաթեմատիկան եւ ֆիզիկան, նույնպես կուսումնասիրվեն կայուն զարգացման տեսակետից, նշել է նա։
«Ես ուզում եմ իտալական կրթական համակարգը դարձնել առաջինը, որը շրջակա միջավայրն ու հասարակությունը կդնի այն ամենի կենտրոնում, ինչը մենք սովորում ենք դպրոցում»,- ասել է նա։




























