Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը չպետք է ընդգրկված լինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, եւ այդ առնչությամբ ծագած բոլոր հարցերի պատասխանը պետք է լինի շատ պարզ։ Դա Եվրոպայի ու Թուրքիայի գործն է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
Ըստ նրա, Հայաստանը Թուրքիայի նկատմամբ մի շարք հարցեր ունի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ տարածքների վերադարձման վերաբերյալ։ Եվ Հայաստանը պետք է լուծի իր խնդիրները՝ այդ թվում օգտագործելով նաեւ միջազգային ամբիոնները, առանց ագրեսիվ քաղաքականության։ «Ագրեսիվ մոտեցում պետք է ցուցաբերի Թուրքիայի հասարակայնությունն իր իշխանությունների նկատմամբ, իսկ մեր խնդիրն է՝ նախապատրաստել այդ հասարակայնությանը եւ հասանելի դարձնել նրան ճշմարտությունը»,- նշել է պատգամավորը։ Խոսելով ակտիվ դիվանագիտության մասին, հարկավոր է առաջին հերթին նկատի ունենալ թուրքական հասարակայնության հետ աշխատանքը, ինչը, քաղաքական գործչի կարծիքով, պետք է դառնա երկրի գործունեության հիմնական ուղղությունը։
Ըստ Մինասյանի, ապրիլի 22-ից հետո Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու միջազգային հանրության առջեւ ստանձնած իր պարտավորությունը գլխիվայր է շրջել՝ ասելով, թե ինք դեռ պետք է որոշի։ Ուստի որքան շուտ Հայաստանի ղեկավարությունը գիտակցի դա եւ դուրս գա բանակցային գործընթացից՝ միջազգային ասպարեզում Թուրքիային ներկայացնելով որպես հարաբերությունների կարգավորմանն անպատրաստ կողմ, այնքան շատ կշահի։ Խոսելով Թուրքիայի վերաբերյալ Հայաստանի նախագահի արտահայտությունների տոնայնության փոփոխման մասին, Մինասյանը նշել է . «Հուսով եմ, որ դա քայլ առաջ է»։




























