Երեւանում գործող արագ սննդի (ֆասթ ֆուդ) մի շարք օբյեկտների մենեջերներ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեցին, որ իրենց մոտ ուտելիքները պատրաստվում են էկոլոգիապես մաքուր հումքից, թեեւ ընդունված է ասել, որ դրանք վնասակար են առողջության համար եւ հանգեցնում են ճարպակալության:
Դիտարկմանը, որ ըստ վիճակագրական տվյալների՝ մինչեւ 30 տարեկան հայ երիտասարդների շուրջ 20 տոկոսը տառապում է ավելորդ քաշից, ինչի մեջ իր բաժինն, անկասկած, ունի նաեւ «ֆաստ ֆուդը», արագ սննդի կետերի մենեջերները միաձայն նշեցին, որ իրենց մոտ պատրաստվող ուտելիքներն էապես տարբերվում են քիմիական հավելումներով ամերիկյան «ֆասթֆուդից» եւ մարդկանց առողջությանը չեն վնասում:
Նրանք հաստատեցին, որ իրենց հաճախորդների գրեթե կեսը մինչեւ 20-25 տարեկան երիտասարդներ են՝ հիմնականում ուսանողներ, սակայն շտապեցին ավելացնել, որ իրենց գործունեությունը ոչ մի կերպ չի վնասում վերջիններիս առողջությանը, քանի որ արագ սնունդն իրենց մոտ պատրաստվում է տեղական հումքից։
SFC-ի մենեջերն օրինակ ասաց, որ իրենց մոտ ուտելիքը պատրաստվում է Հայաստանում արտադրվող հավի մսից։
«Իհարկե գիտեք, որ արտասահմանում հավերին ինչ-ինչ հորմոններ են ներարկում, իսկ մեզ մոտ անձամբ ես հետամուտ եմ, որպեսզի միսը թարմ լինի, եթե մսի հոտը եւ գույնը դուր չեն գալիս, խմբաքանակն ուղղակի չենք ընդունում»,- հավաստիացրեց նա՝ ավելացնելով, որ առողջության համար առավել վնասակար են գետնանցումների քյաբաբ-խորովածները։
«Ռոստիկսի» մենեջերն իր հերթին եւս տեսակետ հայտնեց, որ երիտասարդների ճարպակալմանն ավելի շատ նպաստում են անհայտ ծագման շաուրմաներն ու ղարսի խորովածները։ «Ճիշտ է, մեզ մոտ սնունդը պատրաստվում է բրազիլական հումքից, սակայն դա չի խանգարում, որ մսի որակը մշտապես վերահսկվի»։
Հարցին, թե ինչո՞ւ բրազիլական, վերջինս պատասխանեց, որ հայ արտադրողներն իրենց համապատասխան ծավալի ապրանքով չեն կարողանում ապահովել։
Գրեթե նույն բանն ասաց «Յամ-յամ դոնաթսի» մենեջերը, ով նշեց, որ իրենց խոհանոցը առավելագույնս մոտեցված է «տնականին» եւ առողջությանը վնասել պարզապես չի կարող։
Հետաքրքրվեցինք, թե ունե՞ն «ֆասթ ֆուդ» օբյեկտները մշտական հաճախորդներ, ովքեր արագ սննդի չարաշահման հետեւանքով, այնուամենայնիվ, իրենց աչքի առաջ ավելորդ քաշ են հավաքել, դրանց ներկայացուցիչները միանշանակ ասացին՝ ոչ։
Նշենք, որ կարդիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զավելյանի խոսքով, մինչեւ 30 տարեկան հայ երիտասարդների մեկ քառորդը գիրուկներ եւ հիպերտոնիկներ են։
Հայտնի է, որ Երկրի բնակչության 12 տոկոսը, կամ յուրաքանչյուր տասներորդը տառապում է ավելորդ քաշից։
Հարվարդի համալսարանի և բրիտանական Կայսերական քոլեջի մի խումբ գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ճարպակալությամբ հիմնականում տառապում են եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրների բնակիչները։
Ընդ որում, մարմնի զանգվածի ինդեքսի ամենամեծ աճը վերջին 28 տարիների ընթացքում գրանցվել է ԱՄՆ–ում։





























