Բրիտանացի մասնագետները հայտնաբերել են, որ 11 ժամից ավելի տեւած աշխատանքային օրը 67 տոկոսով բարձրացնում է ինֆարկտի ռիսկը, այս մասին է հայտնում է BBC-ն։
Լոնդոնի համալսարանի գիտնականների խումբն իր հետազոտման արդյունքները հրապարակել է Annals of Internal Medicine ամսագրում:
Բրիտանացի գիտնականները 1985 թվականից հետեւել են 7000 պետական աշխատողների, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ 11 տարվա ընթացքում նրանցից 192-ի մոտ ինֆարկտ է գրանցվել։
Պրոֆեսոր Միկա Կիվիմեկին, ով գլխավորում է գիտնականների խումբը, հայտարարել է, որ ուսումնասիրությունների արդյունքները «պետք է մտածելու տեղիք տան շատ աշխատող մարդկանց»։ Նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինֆարկտի վտանգը մեծ է նաեւ ճնշման տատանումների ժամանակ։
Գիտնականները գտնում են, որ բժիշկներն իրենք պետք է հարցնեն հիվանդներին, թե քանի ժամ են նրանք աշխատում օրվա մեջ: Նրանց կարծիքով, այսպես հնարավոր կլինի կանխել Մեծ Բրիտանիայում տեղի ունեցող 125 հազար ինֆարկտից 6000-ը։





























