Կարսում գտնվող հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանի հիմքերի մոտ անհայտ անձիք ներկով գրություններ են թողել։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի կողմից հրեշավոր անվանված հուշարձանի հիմքի մասում անհայտ անձիք ներկով թողել են Kars 2011, KGS BER եւ BB գրությունները։
NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ «հրեշավոր» էր անվանել հայ-թուրքական բարեկամության նվիրված հուշարձանը եւ հրահանգել քանդել այն։
Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը: Սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն կրեց: Անավարտ արձանը անորոշ ճակատագրով տեղադրվեց Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։
Նաիֆ Ալիբեյօղլուն մի առիթով հայտարարել է, թե հուշարձանի քանդումը կապված է մի խնդրանքի հետ։ «Այդ խնդրանքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնդրանքն է։ Մենք էլ Ադրբեջանից նավթի, գազի կախվածություն ունենք։ Քանդման միակ պատճառը սա է»,-նշել է Ալիբեյօղլուն։
Նշենք, որ առաջիկա 10 օրվա մեջ սկսվելու է հիշյալ հուշարձանի ապամոնտաժումը։




























