Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ խնդիրների, ինչպես նաեւ Հարավային Կովկասում սառեցված հակամարտությունների լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ-ի ու Եվրոպայի Խորհրդի միջեւ համագործակցության լավ համակարգման դեպքում։ Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Տուրբերն Յագլանդը՝ ելույթ ունենալով ընտրվելուց անմիջապես հետո։
«Երկխոսություն վարելն ավելի լավ է, քան փոխադարձ մեկուսացումն ու պատերազմը։ Եվրոպայի խորհուրդը հենց դրա համար է ստեղծված։ Նորվեգիան լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Որպես Ռուսաստանին հարեւան երկրի քաղաքացի, ես Մոսկվայի հետ համագործակցությունը բարելավելու լավ հնարավորություններ ունեմ։ Խնդիրների լուծման համար կանեմ ինձանից կախված ամեն ինչ»,- հայտարարել է նորընտիր գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ Հարավային Կովկասի խնդիրները հարկավոր է լուծել երկխոսության ճանապարհով, այլ ոչ թե Եվրախորհրդում լիազորություններից Ռուսաստանին զրկելով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում գաղտնի քվեարկությամբ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվել է Նորվեգիայի նախկին վարչապետ Տուրբերն Յագլանդը; Մինչ այդ ԵԽ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Թերի Դեւիսը։ Նրա լիազորությունների ժամկետն ավարտվել է 2009 թվականի օգոստոսի 31-ին։



























