Հայաստանը դեղակայուն տուբերկուլյոզի հիվանդացության ցուցանիշով դասվում է վտանգավոր երկրների թվում: Այդ մասին լրագրողների հետ ապրիլի 7-ին կայացած հանդիպմանը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի ղեկավար Էլիզաբեթ Դանիելյանը:
Ասուլիս մյուս բանախոսը` հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանն իր հերթին շեշտել է, թե Հայաստանում տագնապալի չափերի է հասել հակաբիոտիկային զգայունության թուլությունը, ինչի հետեւանքով, երկարում է հիվանդների բուժման գործընթացը, ավելանում են ծախսերը: Ասոյանի կարծիքով, սա գլոբալ խնդիր է, որին նպաստում են դեղատներում հակաբիոտիկների ազատ վաճառքը` առանց բժշկի համապատասխան դեղատոմսի:
«Եթե նախկինում` տասը տարի առաջ նույն հակաբիոտիկի օգտագործումից 2-3 օր անց արդյունք է եղել, ապա այսօր արդյունք չկա, եւ հաճախ բժիշկները ստիպված են լինում փոխել դեղամիջոցը»- ասել է Ասոյանը եւ հավելել, որ հակաբիոտիկների չարաշահումը հանգեցնում է աղիների դիսբակտերիոզի:
Մասնագետները կարծում են, որ Հայաստանում անհապաղ միջոցառումներ անցկացնելու խիստ անհրաժեշտություն կա, նաեւ պետք է խստացնել հակաբիոտիկների վաճառքը:





























