Ֆրանսիական LVMH - Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խումբը մտադիր է գնել տրանսազգային ոսկերչական Tiffany ընկերությունը եւ փորձում է գործարք կնքել։ Այս մասին Agence France-Presse (AFP)-ին տեղեկացրել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։ Դրանով իսկ նա հաստատել է տեղեկատվությունը, որն ավելի վաղ ներկայացրել էին The Wall Street Journal, Financial Times եւ The New York Times թերթերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի համաձայն՝ հաշվի առնելով Tiffany-ի պարտքը ֆրանսիական կորպորացիային, գործարքի չափը կարող է գերազանցել 16,65 մլրդ դոլարը։ Ներկայում տեղի են ունենում երկու ընկերությունների կառավարիչների խորհուրդների նիստեր։ Աղբյուրի համաձայն՝ գործարքի վերաբերյալ համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերվի մինչեւ Փարիզի բորսայի բացումը երկուշաբթի առավոտյան, բայց հնարավոր են եւ այլ տարբերակներ։ Աղբյուրն ընդգծել է, որ գործարքի կնքումն «առավել քան հավանական է»։

AFP տվյալներով՝ կնքման դեպքում գործարքը կլինի ամենամեծը LVMH ընկերության պատմության մեջ, որը պատկանում է ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոյին։ Դա ոչ միայն կամրապնդի LVMH դիրքերն ամերիկյան շուկայում, այլեւ կուժեղացնի ընկերությունը համաշխարհային ոսկերչական սեկտորում։ 2011 թվականին LVMH-ն արդեն գնել էր իտալական հանրահայտ Bulgari ընկերությունը, գործարքի չափը՝ 5,2 մլրդ դոլար։ Ոսկերչական իրերի արտադրման եւ վաճառքի հիմնական մրցակիցները LVMH-ի համար Cartier եւ Van Cleef & Arpels ընկերություններն են։

Ընկերություններն այս տարի արդեն երկրորդ անգամ են վերադառնում գործարքի հարցին։ AFP-ն տեղեկացնում է, որ այս անգամ LVMH-ն, ուսումնասիրելով Tiffany-ի իրավիճակը, անցած շաբաթ բարձրացրել է իր ֆինանսական առաջարկի չափը՝ մեկ բաժնետոմսի նախնական 120 դոլարից մինչեւ մոտ 130 դոլար։ Ներկայում, AFP տեղեկություններով, խոսքը արդեն 135 դոլարի մասին է, ինչն էլ ընդհանուր առմամբ կազմում է ավելի քան 16,3 մլրդ դոլար։

Tiffany ընկերությունը հիմնադրվել է 1837 թվականին Չառլզ Լյուիս Թիֆանիի եւ Ջոն Յանգի կողմից։ Նրա առաջին խանութը բացվել է Մանհեթենում 1853 թվականին, Հինգերորդ ավենյուի եւ 57-րդ փողոցի անկյունում։ Ներկայում դրա մոտ գտնվում է ԱՄՆ նախագահին պատկանող Trump Tower երկնաքերը։ Ընկերության գրասենյակը Նյու Յորքում է։