Ադրբեջանական «Զերկալո»-ն ուշագրավ հոդված է հրապարակել, որից ներկայացնում ենք մի հատված.
«Հազիվ թե Ադրբեջանին հաջողվի Եվրամիության հետ հուսալի գործընկերային հարաբերություններ ստեղծել, բացի նավթագազային սեկտորից: Դա նույնիսկ ողջ տնտեսությունը չէ: Սակայն, ինչպես ցույց է տալիս մյուս պետությունների, օրինակ` Լիբիայի փորձը, որն ունի ավելի շատ նավթ եւ գազ, քան Ադրբեջանը, համագործակցությունը նավթագազային ոլորտում բավարար չէ` ի դեմս Եվրամիության եւ Արեւմուտքի հուսալի գործընկեր ունենալու համար:
Քադաֆիին առաջին հերթին հանձնեցին նավթագազային բիզնեսի գծով նրա «դաշնակիցներն ու ընկերները», իսկ ավելի կոնկրետ` Ֆրանսիայի նախագահ Սարկոզին եւ Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին:
Արեւմտյան գործընկերներն առաջին իսկ հնարավորության դեպքում կարող են հրաժարվել իրենց «դաշնակիցներից ու ընկերներից», որոնք լրացուցիչ խնդիրներ են ստեղծում եւ վնասում իրենց ժողովրդավարի իմիջին:
Հարավային Կովկասի բոլոր երկրներն էլ խնդիրներ ունեն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առումով: Սակայն Ադրբեջանի ամբողջ խնդիրն այն է, որ վերջինս, ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, նույնիսկ չի էլ փորձում տպավորություն ստեղծել, թե այդ ոլորտներում հաշվի է առնում միջազգային կազմակերպությունների եւ արեւմտյան գործընկերների հանձնարարականները:
Պաշտոնական Բաքուն գրեթե բաց տեքստով ասում է Արեւմուտքին. «Ձեզ ահրաժեշտ են էներգառեսուրսներ: Դուք դա կստանաք, իսկ ահա մյուս հարցերին մի խառնվեք»:
Եւ պատահական չէր Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուն ընդգծել, թե Ադրբեջանն ու Բելառուսը հրաժարվում են ժողովրդավարության ու մարդու իրավունքներին թեմաների շուրջ նույնիսկ երկխոսությունից:
Այսօր Արեւմուտքի հետ անգամ Ռուսաստանն իրեն այդպես չի պահում, որի ոչ միայն տնտեսական ռեսուրսները, այլեւ Արեւմուտքի վրա ազդելու քաղաքական լծակներ են անհամեմատելի Ադրբեջանի ունեցածի հետ», - գրում է «Զերկալոն»:





























