ԱՄՆ Պետքարտուղարության` Թուրքիայում մարդու իրավունքների մասին զեկույցում անդրադարձ է կատարվել հայ համայնքի իրավունքներին եւ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանը:

«Սեպտեմբերի 14-ին Եվրադատարանը որոշում կայացրեց, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում լրագրող Հրանտ Դինքի կյանքն ու արտահայտվելու իրավունքը չպաշտպանելու համար: Դատարանը որոշեց, որ կառավարությանը չի հաջողվել կանխել լրագրողի սպանությունը, երբ նրա հասցեին սպառնալիքներ էին հնչում: ՆԱեւ արդյունավետ հետաքննություն չի անցկացվել»,- ասված է զեկույցում:

Միեւնույն ժամանակ զեկույցը դրական տեղաշարժեր է նկատում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում: Մասնավորապես նշվում է, որ մասնավոր հեռուստաալիքներին ու ռադիոկայաններին թույլատրվել է հեռարձակվել այլլեզուներով` քրդերենով, իսպաներենով, հայերենով: Երկրում հայատառ եւ քրդերեն թերթեր են տպագրվում:

Զեկույցում նշվում է, որ «2010թ. ապրիլի 24-ին խորհրդանշական միջոցառումներ են անցկացվել 1915թ. ողբերգական իրադարձությունների կապակցությամբ»:

«Շատ դեպքերում քաղաքացիները չեն կարող քննադատել պետությունը կամ կառավարությունը առանց քրեական հետապնդման սուբյեկտ դառնալու ռիսկի»,- նշվում է զեկույցում: Զեկույցի հեղինակներն ընդգծել են քրդերի դեմ իրականացվող բռնաճնշումները: