Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շահավետ է թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը եւ հավելել, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում չկա մի դրույթ, որը կարող է վտանգել Հայաստանի շահերը:

Ըստ Մինասյանի՝ սկսվել է մի գործընթաց, որը հաջող ավարտվելու դեպքում մեր երկիրը զարգացման նոր ուղի կմտնի: «Միաժամանակ ակնհայտ է, որ մեր հասարակության ոչ բոլոր հատվածներն են միանշանակ գնահատում այս հնարավորությունը: Տարբեր կարծիքներ կան նաեւ Սփյուռքում»,- ասաց Մինասյանը եւ, անդրադառնալով հոկտեմբերի 1-ին սկսվող նախագահի համահայկական ուղեւորությանը, նշեց. «Դա շատ ողջունելի առաքելություն է, որ մեկնում է Սփյուռքի հետ քննարկելու համահայկական խնդիրները: Նախագահը գործնականում չի հանդիպելու տեղական իշխանությունների հետ, եւ միայն հանդիպելու է հայկական գաղութների ներկայացուցիչներին»:

Գագիկ Մինասյանն այս առումով շատ կարեւորեց նաեւ հոկտեմբերի 1-ին սկսվող խորհրդարանական լսումները հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ: