Չնայած Թուրքիայի ղեկավարների հանգստացնող այն բոլոր հավաստիացումներին, թե Ադրբեջանի շահերը չեն ոտնահարվի, Անկարան ու Երեւանն աստիճանաբար գնում են մերձեցման։ Այս մասին հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջը այսօր կայացած խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին նիստում։
Ըստ խորհրդարանականի, ներկայումս տարածաշրջանը գտնվում է էական փոփոխությունների նախաշեմին։ Այդ կապակցությամբ Օրուջը կոչ է արել պատգամավորներին առաջարկով դիմել Թուրքիայի ղեկավարությանը, նախքան Հայաստանի հետ համաձայնության կնքումը, ստորագրել «Ճանապարհային քարտեզի» մասին թուրք-ադրբեջանական պայմանագիր, որում, ըստ նրա, կնշվեն «այն շրջանակները, որից դուրս Ադրբեջանի շահերը կխախտվեն»։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մտահոգություն են հայտնել նաեւ այլ պատգամավորներ, այդ թվում եւ խորհրդարանի առաջին փոխնախագահ Զիաֆեթ Ասքերովը։ Նա հայտարարել է, որ չնայած այն բանին, որ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս խոստացել են, որ «չեն կատարի Ադրբեջանի շահերին հակասող քայլ, նախաստորագրված արձանագրությունները մատնանշում են, որ որոշակի աշխատանք է տարվում»։
«Մենք կցանկանայինք հավատալ այդ հայտարարությունների անկեղծությանը։ Կարծում ենք, որ ստորագրման ենթակա փաստաթղթերում հաշվի կառնվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի ազգային շահերը»,- ընդգծել է Ասքերովը։ Մինչդեռ, պատգամավոր Այնուր Ղուլիեւան խորհրդարանի անդամներին կոչ է արել դռնփակ նիստ անցկացնել, որի ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը առավել մանրամասն տեղեկատվություն կներկայացնի ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ։




























