Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրությունները կստորագրվեն Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղից առաջ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber7 կայքէջը։

Թուրքիայի արտգործնախարարը լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է սահմանի բացումը մեկ օրով ֆուտբոլային խաղից առաջ, Դավութօղլուն պատասխանել է, որ Հայաստանի հետ արձանագրությունները մեկ ամբողջություն են եւ սահմանի բացումը այդ գործընթացում պետք է դիտարկել։ Դավութօղլուն անդրադարձել է նաեւ Բուրսայում տեղի ունեցած Բուրսասփոր-Դիարբեքիրսփոր թիմերի հանդիպմանը ծագած անախորժություններին եւ ասել. «Ֆուտբոլային խաղերը եղբայրական եւ հարգանքի շրջանակներում տեղի ունեցող մրցախաղեր են եւ Բուրսայում տեղի ունենալիք Թուրքիա-Հայաստան խաղի հետ կապված որեւէ անհանգստություն չունենք»։

Անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ հանած թուրք լրագրողների Ղարաբաղ այցելությանը, Դավութօղլուն նշել է, թե Թուրքիայի հանրապետության քաղաքացու անձնագրում հայտնված Ղարաբաղի մուտքի թույլտվությունը օրենքից դուրս է, սակայն Թուրքիայում լրատվական գործունեությունը չի կարող սահմանափակվել։