Այսօր ավարտվել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Քրիստոփիասի երկօրյա պաշտոնական այցը Երևան, որի ընթացքում ստորագրվել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության մասին միջպետական կարևորագույն մի շարք պայմանագրեր։ Կողմերը հատուկ ուշադրություն են հատկացրել նաև համագործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, իսկ այստեղ, ինչպես հայտնի է, երկու երկրները շատ նմանատիպ խնդիրներ ունեն։
Կիպրոսի պատվիրակության Երևան այցի ընթացքում կենտրոնական տեղերից մեկը զբաղեցրել է նախագահներ Դիմիտրիս Քրիստոփիասի ու Սերժ Սարգսյանի համատեղ մամլո ասուլիսը, որի ժամանակ պետությունների ղեկավարները հնչեցրել են իրենց դիրքորոշումներն այնպիսի կարևորագույն խնդիրների նկատմամբ, ինչպիսիք են ղարաբաղյանը և կիպրականը։ Ինչպես և սպասվում էր, բարեկամական երկրները փոխադարձ աջակցություն են հայտնել միմյանց արդեն հնացած ցավոտ խնդիրների առնչությամբ։ Երկու ղեկավարները հանդես են եկել ղարաբաղյան խնդրի և Հյուսիսային Կիպրոսի այսպես կոչված թուրքական հանրապետության շուրջ իրավիճակի խաղաղ կարգավորման օգտին։ Այսպես, ըստ Սերժ Սարգսյանի, հակամարտությունները պետք է լուծվեն առանց ուժի կիրառման, բանակցությունների ճանապարհով, միջազգային նորմերի հիման վրա։ «Հայաստանը չի փոխել ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր մոտեցումները՝ դրանք այն երաշխիքներն են, որ չեն սկսվի ռազմական գործողություններ, ինչպես նաև Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև ցամաքային կապի ապահովումը»,- պարզաբանել է Հայաստանի նախագահը։ Սերժ Սարգսյանը հավելել է , որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակն է:
Մինչդեռ, ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանին աջակցելու վերաբերյալ Դիմիտրիս Քրիստոփիասի Երևանում հնչեցրած հայտարարությունները Ադրբեջանում հերթական հիստերիայի պատճառ են դարձել, որի առաջամարտիկը դարձել է ալիևների կլանին մոտ կանգնած քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն։ «1news.az»-ին տված հարցազրույցում նա Կիպրոսի նախագահի հայտարարությունները բնութագրել է որպես հակաադրբեջանական և անվանել դրանք մանր վրեժխնդրություն Թուրքիայի նկատմամբ։ Այնուհետև, ինչպես և Իսրայելին աջակցելու հողի վրա շեղված բաքվեցի նրա գործընկերները, Ալիզադեն սկսել է խոսել այն մասին, թե որքան կարևոր նշանակություն ունի հրեական լոբբին իր երկրի համար։ Քաղաքագետը ցասման պոռթկման մեջ որոշել է նույնիսկ վախեցնել Կիպրոսին, թե Ադրբեջանը կարող է նրանից բողոքել Հունաստանին։
Սակայն, եթե հետևենք քաղաքագետի տրամաբանությանը, ապա այսպես կոչված Կիպրոսի վրեժխնդրությունը Թուրքիայի՝ որպես Ադրբեջանի դաշնակցի, նկատմամբ, պարզվում է, այնքան էլ չնչին չէ։ Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ կոմունիստ-նախագահ Քրիստոփիասը բավական միանշանակ է արտահայտվել Թուրքիայի եվրոպական նկրտումների վերաբերյալ. «Եվրամիություն կարող է մտնել միայն զարգացած և եվրոպական չափանիշներին համապատասխանող Թուրքիան, այլ ոչ թե այն երկիրը, որը զավթում է Եվրամիության մեկ այլ անդամի տարածքի մի մասը և փակում է իր օդակայաններն ու նավահանգիստները նրա նավերի համար»։ Իսկ անդրադառնալով 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, Կիպրոսի նախագահն ընդգծել է. «Ցեղասպանությունը պատմական փաստ է, և եթե այսօր Թուրքիան պատրաստ լինի ճանաչել այն, ապա այդ հանգամանքը ոչ թե նրա դեմ է, այլ ի օգուտ նրա։ Դա կապացուցի, որ այսօր Թուրքիան պատրաստ է ուղղել իր սխալները և անսալ իր հարևաններին»։
Հայաստանի ու Կիպրոսի ժողովուրդների հոգևոր ու քաղաքական նմանությունը ակնհայտ է դարձնում նաև Դիմիտրիս Քրիստոփիասի Երևան այցի ծրագիրը, որի ընթացքում հյուրերն այցելել են ինչպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնպես էլ Մայր Աթոռ Ս. Էջմիածին։ Իսկ Կիպրոսի բարձրաստիճան պատվիրակության Երևան կատարած այցի վերջին ակորդը եղավ երկու պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Մասնավորապես, նախագահներն իրենց աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ նշելով, որ հարցը պետք է լուծվի առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համապատասխան, բանակցությունների հիման վրա՝ ներառյալ ազգի ինքնորոշման իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունը, միաժամանակ, ողջունել է ներկայումս ընթացող միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի ու Եվրամիության կանոնադրության հիման վրա կիպրական խնդրի համակողմանի, արդարացի, երկարաժամկետ ու համաձայնեցված լուծման շուրջ բանակցությունները։
Այսպիսով, այսօր ավարտված Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոփիասի երկօրյա այցը Հայաստան կրկին հաստատել է երկու երկրների միջև բարեկամական ամենաջերմ հարաբերությունների, դրանք բոլոր ուղղություններով զարգացնելու պատրաստակամության առկայությունը։



























