Financial Times թերթն ընտրել է տարվա բառը, որը Be water («Եղիր ջուր») արտահայտությունն է Հոնկոնգի ընդվզողների բառապաշարից, որոնք ոգեշնչվել էին Բրյուս Լիի փիլիսոփայությունից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես գրում է պարբերականը, մինչ Հոնկոնգի իշխանությունները կհասկանային, թե ինչ է կատարվում, բողոքողները հավաքվեցին «ցողի պես», որպեսզի արգելափակեն կառավարական շենքի ճանապարհը։ Երբ այստեղ եկավ անկարգությունների դեմ պայքարի ոստիկանությունը, նրանք «ցրվեցին մառախուղի» պես՝ փախչելով նեղ փողոցներով, երբ նրանց բռնում էին՝ նրանք ամուր էին «սառույցի պես»։ Սա ամենահայտնի հոնկոնգցի Բրյուս Լիի Be water-ի փիլիսոփայությունն է, նշում է թերթը։

Բրյուս Լին մեծացել է Հոնկոնգում, բայց հանրահայտ դարձել Հոլիվուդում։ Նա զբաղվել է մարտարվեստներով եւ եղել ոչ միայն դերասան, այլեւ փիլիսոփա։

«Մաքրեք ձեր բանականությունը։ Եղեք անձեւ, ինչպես ջուրը։ Այժմ դուք ջուրը լցնում եք բաժակի մեջ, այն դառնում է բաժակ։ Դուք ջուրը լցնում եք շշի մեջ, այն դառնում է շիշ։ Դուք ջուրը լցնում եք թեյամանի մեջ, այն դառնում է թեյաման։ Հիմա ջուրը կարող է հոսել կամ էլ կարող է կոտրվել։ Ջուր եղիր, բարեկամս»,- ասում էր Բրյուս Լին 1970-ականների հարցազրույցում։

Զանգվածային բողոքները, որ առաջ եկան արտահանձնման օրինագծի հետ կապված, տեղի են ունենում Հոնկոնգում հունիսի սկզբից, ծավալուն ցույցերից հետո իշխանությունները զիջումների գնացին, եւ հոկտեմբերի սկզբին օրինագիծը մերժվեց։ Այնուամենայնիվ, բողոքները չդադարեցին, դրանք դարձան սակավաթիվ, բայց ավելի կատաղի։ Կես տարում Հոնկոնգում տեղի են ունեցել ավելի քան 900 ցույց, երթ, բողոքներ, այդ ընթացքում ավելի քան 5,8 հազար մարդ կալանավորվել է, տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել բողոքների 932 մասնակցի։