Ֆիլիպիններում առնվազն 12 մարդ դարձել է «Ուրսուլա» թայֆունի զոհ, 16 հոգի համարվում է անհայտ կորած, տեղեկացնում է ABS-CBN հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի պաշտոնական անձանց, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ հայտարարվել էր մեկ զոհի մասին Լեյթե կղզում, որը Ֆիլիպինների կենտրոնական մասում է։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ 7 մարդ զոհվել է, 12-ը համարվում է անհայտ կորած Իլոիլո նահանգում։ Արեւելյան Սամար նահանգում «Ուրսուլա»-ի զոհ է դարձել 4 մարդ, նույնքան մարդ համարվում է անհայտ կորած։
Իր հերթին, «Ֆրանս պրես» գործակալությունը, հղում կատարելով ֆիլիպինցի պաշտոնյաներին, տեղեկացնում է, որ «Ուրսուլա»-ի զոհ է դարձել 16 մարդ։
«Ուրսուլա» թայֆունը Ֆիլիպիններին հարվածել է դեկտեմբերի 24-ի երեկոյան եւ դարձել ուժեղ անձրեւների ու փոթորկոտ քամիների պատճառ արխիպելագի կենտրոնական մասում՝ Անտիկե, Մինդորո, Պալավան, Ակլան եւ Ռոմբլոն նահանգներում, ասվում է Ֆիլիպինների մթնոլորտային, երկրաֆիզիկական եւ աստղագիտական ծառայությունների վարչությունում։
«Ուրսուլան» շարժվում է ժամում 20 կիլոմետր արագությամբ, իսկ քամու արագությունը պոռթկումների պահին կարող է հասնել վայրկյանում 54 մետրի։
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ թայֆունը Ֆիլիպինների տարածքից կհեռանա ուրբաթ երեկոյան կամ շաբաթ։





























