Այսօր Վարդան Օսկանյանը իր գլխավորած «Սիվիլիթաս» կազմակերպությունում հերթական քննարկումից հետո խոսել է հայ-թուրքական արձանագրություններում առկա նախապայմանների մասին:
«Առաջին նախապայմանը սահմանների ճանաչումն է, որը նշանակում է որ մենք հրաժարվում ենք մեր պատմական իրավունքներից: Երկրորդը դա պատմաբանների ենթահանձնաժողովն է, որն այն է, ինչ Էրդողանն առաջարկել ու պահանջել էր: Դա այն հանձնաժողովն է, որը պետք է քննարկի ցեղասպանության հարցը եւ որոշի ցեղասպանություն եղել է թե` ոչ: Այնպես որ այս երկու նախապայմանները ակնհայտորեն, սեւը սպիտակի վրա փաստաթղթում կա եւ պետք չէ ենթատեքստը կամ տողատակը նայել»,- ասաց նա ու ընդգծեց. «Երրորդ նախապայմանը` Ղարաբաղի հետ կապված, ճիշտ է փաստաթղթում չկա, բայց ակնհայտ է, որ դա էլ կա փաստաթղթից դուրս: Էրդողանի հայտարարություններից, տարբեր թուրքական շրջանակներից հնչող հայտարարություններից դատելով, ակնհայտորեն այդ կապը կա եւ կարծում եմ, որ ամենավտանգավորը հենց դա է: Արեւմուտքը համարում է, որ հայ-թուրքական սահմանի բացմանն օգնելով, ոչ թե թուրքերին, այլ հայերին է լավություն անում: Եվ այդ լավությունն անելուց հետո, ակնկալում է, որ դրանից հետո հայերն էլ իրենց լավությունը պետք է անեն`Ղարաբաղի հարցում համապատասխան զիջումների գնալով»:
Նրա ներկայացմամբ, Սփյուռքում իր հանդիպումներից հետո Սերժ Սարգսյանն պետք է միջնորդներին ասի, որ հայ հասարակությունը դեմ է արձանագրություններին, քանի որ դրանք չեն բխում մեր շահերից: «Թող վերաբացվեն բանակցությունների փաստաթղթերը, հանգիստ պայմաններում առանց ժամկետների կարողանանք շատ ավելի ընդունելի փաստաթուղթ մեջտեղ բերել, որը 100 տոկոսով հնարավոր է, եւ դրանից հետո շարժվել առաջ»,- նշեց Օսկանյանը:



























