«Ցեղասպանության հարցը Վրաստանի խորհրդարանում այսօր կա, բայց դժբախտաբար, Վրաստանի խորհրդարանը շատ արագ դա կփակի, վկայակոչելով հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունը»,- լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Երկու տարի է, ոչ միայն որեւէ երկրի խորհրդարանում ցեղասպանության ճանաչում չի եղել, այլ նույնիսկ քննարկում չի եղել: Սա աննախադեպ բան է: Նախորդ 10 տարիներին առնվազն 5-6 քննարկում է եղել եւ առնվազն 1-2 խորհրդարանում ցեղասպանության ճանաչում է եղել, այնինչ երկու տարի է այդ գործընթացը կանգնել է»,- նշել է նա ու հավելել. «Միակ դեպքը Իսրայելի խորհրդարանում էր, որ քննարկումը 10 րոպե տեւեց, որի ժամանակ ասացին, որ հայ-թուրքական երկխոսություն է ընթանում եւ եկեք չխանգարենք դրան»: Վ. Օսկանյանի ներկայացմամբ, արձանագրության մեջ ցեղասպանության հետ կապված ենթահանձնաժողովի ձեւակերպումը միանշանակորեն թուրքական կողմից շահարկվելու է, կանխելու ցեղասպանության հարցի ցանկացած քննարկում: