«Ես քաղաքական ուժ չեմ: Դա քաղաքական ուժերը պետք է մտածեն, թե ինչ միջոցներով պետք է բողոքի ալիք բարձրացնեն»,- երեկ լրագրողներին ասել է Վարդան Օսկանյանը, ի պատասխան հարց, թե ինչպե՞ս է պատրաստվում ինքը բողոքի ալիք բարձարցնել ու գլխավորել այն, հաշվի առնելով, որ դրա համար ռեսուրսներ ու կառույցներ են պետք, որը ինքը չունի: Հիշեցնենք, որ օրեր առաջ նա հայտարարել էր, որ պետք է հայ-թուրքական արձանագրությունների դեմ բողոքի ալիք բարձրացնել եւ որ ինքը պատրաստ է գլխավորել այդ ալիքը:

«Ես ընդամենն ասել եմ, որ սա այն խնդիրն է, որի դեմ պետք է լինի շատ հստակ հասարակական դիրքորշում: Կարծում եմ, որ քաղաքական ուժերը պետք է մտածեն, թե դա ինչպես անել: Եթե դա ստացվի, ես պատրաստ եմ ոչ միայն մասնակցել, այլ լինել առաջատար դիրքերում: Ես չեմ ասել, որ ուզում եմ ինքս սկսել ու հասարակական ալիք բարձրացնել: Բայց կարծում եմ, որ եթե քաղաքական կամք լինի եւ ամբիցիաները մի կողմ դնեն, ապա դա հնարավոր է», -ասել է նա: