Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերջին շրջանում հաճախակիացել են դատապարտյալների մահվան դեպքերը։ Այս մասին Հայաստանի ազգային ժողովում հայտարարել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ դա մեկնաբանելով դատապարտյալների կողմից թմրանյութերի  օգտագործման բարձր մակարդակով։

«Հատկապես բենզինի հիմքով ստեղծված թմրանյութերի օգտագործման պատճառով գրանցվում են հաճախակի մահեր»,- ասաց նա՝ ավեացնելով, որ մահացության թիվն ավելացել է նաեւ դատապարտյալների անբուժելի հիվանդություններով տառապելու հետեւանքով։ Նախարարի խոսքով՝ ՔԿՀ-ներում 4 ինքնասպանություն է գրանցվել, բայց քրեակական գործեր չեն հարուցվել, քանի որ, ըստ նրա, առկա են եղել հետմահու նամակներ, որոնցում նրանք խնդրում են, որեւէ մեկին չմեղադրել իրենց մահվան մեջ։

Թովմասյանը անդրադարձավ նաեւ ոլորտի բարեփոխումներին։ Ըստ նրա՝ մանր հանցագործությունների դեպքում, որպես պատիժ կիրառվելու է ոչ թե կալանքը, այլ հարկադիր աշխատանքը։

Նախարարը նշեց նաեւ, որ բանտերը գերբեռնված են այժմ, եւ առաջիկայում նախատեսվում է, որ բանտարկյալները տեղափոխվեն այլ քրեակատարողական հիմնարկներ։  «Անձամբ ես կողմ եմ, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն ընդհանրապես փակվի, քանի որ այն չի համապատասխանում միջազգային չափանիշներին»,- ասաց Թովմասյանը։