Թուրքիայի հինավուրց քաղաք Ադրիանապոլիսում հայտնաբերել են հինավուրց սալիկ, որի վրա ենթադրաբար պատկերված է բերքի եւ հողագործության աստվածուհի Դեմետրայի ուրվագիծը, հայտնում է RG-ը՝ հղում կատարելով Daily Sabah-ին։
Սալիկը, որը 1800 տարեկան է, հայտնաբերվել է Հյուսիսային Կարաբյուկ ավանում։ Այն գտել են Ադրիանապոլիս հին քաղաքի ավերակները պեղելու ժամանակ։
Սալիկը պատրաստված է հանքաքարից։ Դրա վրա պատկերված է կին։ Նա ավանդական զգեստով է, մեջքին օձի տեսքով գոտի կա, աջ ձեռքին՝ ցորենի հասկեր։
Ադրիանապոլիսը ուխտավայր է եղել վաղ շրջանի քրիստոնյաների համար, սակայն մեր թվարկության 8-րդ դարում քաղաքը կորցրել է իր նշանակությունը։
Ավելի վաղ հնագետներն այս քաղաքում հայտնաբերել էին 14 կենտրոնացած հասարակական շենքեր եւ այլ կառույցներ, որոնք բնակեցված են եղել ուշ հելլենիստական, հռոմեական եւ վաղ բյուզանդական ժամանակաշրջաններում։
Հասարակական կառույցները կազմված էին երկու բաղնիքից, երկու եկեղեցուց, պաշտպանական կառույցից, քարե գերեզմաններից, թատրոնից, կամարային եւ գմբեթային շենքերից, պաշտամունքային հուշահամալիրից, պատերից, առանձնատներից եւ այլ օբյելտներից։
Եկեղեցիների հատակը զարդարված էր ձիեր, փղեր, եղջերուներ պատկերող խճանկարներով։ Դրա պատճառով Ադրիանապոլիսը համեմատում են Զեուգմայի՝ Թուրքիայի հարավ-արեւելքում մեկ այլ հինավուրց քաղաքի հետ, որը հայտնի է իր խճանկարներով։





























