Հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը երբեք չեն հայտնվել փակուղում: Այս մասին այսօր` ապրիլի 13-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության Կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, մեկնաբանելով քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի գնահատականը, թե երկու գործընթացներն էլ փակուղում են:
Գրիգորյանի կարծիքով, հայ-թուրքական գործընթացը ներկայումս սառեցված է Հայաստանի նախաձեռնությամբ եւ հիմա «գնդակը Թուրքիայի դաշտում է»:
«Հայաստանն առանց այդ էլ զգալի զիջումների է գնացել` ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները: Միայն հայկական կողմի հայ-թուրքական սահմանը ճանաչելու փաստը զգալի առաջընթաց է Թուրքիայի համար, սակայն Անկարան որոշել է կանգ չառնել ձեռք բերվածի վրա եւ ստանալ առավելագույնը` ապահովելով առաջընթաց նաեւ Ղարաբաղի հարցում, ինչն էլ հանգեցրեց հայ-թուրքական գործընթացի ներկա վիճակին»,- նշել է քաղաքագետը, հավելելով, որ հարաբերությունների նորմալացումը բխում է թե’ Երեւանի, թե’ Անկարայի շահերից, ուստի Հայաստանում ու Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո գործընթացը նորից կակտիվանա:
Անդրադառնալով ԼՂ խնդրի լուծման գործընթացին, Գրիգորյանը նշել է, որ այն բավական հաջող է ընթանում եւ այստեղ ամենակարեւորն այն է, որ Ադրբեջանի նախագահն իր ստորագրությունն է դրել մի փաստաթղթի տակ, որտեղ սկզբունքների շարքում նշված է նաեւ ազգերի ինքնորոշումը: Նա հավելելէ նաեւ, որ բանակցություններում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է մեծացնել վստահության մակարդակը միմյանց նկատմամբ, իսկ դրան կարող է նպաստել դիպուկահարների հետ քաշումը շփման գծից եւ Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունից հրաժարումը:





























