Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է Հայ ազգային կոնգրեսի` ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկումը:
ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը ապրիլի 11-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում 2011թ. ապրիլի 28-ին ժամը 16.00-23.00-ն /մոտավոր/ Երեւան քաղաքի Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի ապրիլի 13-ի որոշումով արգելվել է հանրահավաքի անցկացումը նշված վայրում, քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքի օրը՝ ապրիլի 28-ին, եւ դրան հաջորդող օրերին եւս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը:
Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։





























