Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն օրերս հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա հետ ունեցած զրույցից հետո եկել այն եզրակացության, որ իրենց համագործակցությունը կարող է բավական արդյունավետ լինել։ Այս մասին ԺԿ նախագահը հայտարարեց ապրիլի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք համատեղ եզրեր ենք որոնում։ Նմանօրինակ մի հանդիպում էլ օրերս կլինի։ Կարծում եմ, օբյեկտիվ կլինի, որպեսզի տարբեր հավասարազոր ուժեր տեղ գտնեն քաղաքական դաշտում, թող Հայաստանում լինեն ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ինչու չէ, ԱՄՆ-ի շահերը։ Իսկ ես եւ Րաֆֆի Հովհաննիսյանը եկանք այն եզրակացության, որ մեր մոտեցումները համընկնում են եւ միմյանց համար ընդունելի են։ Ես հիմա էլ եմ ասում, որ «Ժառանգությունն» արեւմտյան աջակցություն է ստանում, սակայն չեմ ամաչում ասել, որ որոշակիորեն վերանայել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ իմ մոտեցումները եւ այժմ նրա նկատմամբ միայն դրական կարծիք ունեմ»,- նշեց Կարապետյանը։
Պատասխանելով «Նոր ժամանակներ» կուսակցության եւ ՀՅԴ-ի հետ հնարավոր միավորման հարցին՝ Կարապետյանը կտրականապես հերքեց նման հնարավորությունը։ «Ոչ ոքի հետ չեմ նախատեսում հանդիպել եւ միավորվել։ Բայց անկախ ամեն ինչից՝ ՀՅԴ-ին շատ եմ գնահատում, հարգում եւ դրական եմ վերաբերում որպես ավանդական-հայրենական ուժի»,- ասաց նա՝ առանձնակի ընդգծելով նաեւ, որ երբեւէ չի միավորվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։





























