Արդեն ապրիլի կեսն է, հովտային շրջաններում տնկվել են առաջին սածիլները, իսկ ոռոգման կազմակերպման հարցերը դեռեւս լուծում չեն ստացել։

Պարզվում է՝ առկա են էական տարաձայնություններ գյուղնախարար Սերգո Կարապետյանի եւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի միջեւ (նշենք, որ սույն կոմիտեն գտնվում է տարածքային կառավարման նախարարության ենթակայության ներքո)։

Այդ հակասություններն այսօր՝ ապրիլի 14-ին արտահայտվեցին նաեւ կառավարության նիստի ընթացքում, երբ ջրային կոմիտեի ղեկավարը ներկայացնում էր ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշում։ Դրանով այն տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ինքնահոս եղանակով, ազատվում էին ոռոգման վարձը վճարելուց մինչեւ մայիսի 1-ը։ Սա օգտակար է նաեւ ջրային տնտեսությանը, քանի որ ներկայում ջրանցքները լցված են անձրեւաջրերով ու սելավաջրերով, ու դրանք պետք է բեռնաթափել։

Սակայն կառավարության նիստում գյուղնախարարը ներկայացրեց իր առարկությունները։ Նրա խոսքով՝ ինքնահոս ջրերից օգտվում է գյուղացիների փոքր մասը, ասենք՝ նույն գյուղում մի մասը ջուր է վերցնում պոմպակայաններից ու վճարում դրա համար, մյուս մասն անվճար ջուր է ստանում ինքնահոս ջրանցքից։ Ս. Կարապետյանի կարծիքով՝ բոլորի համար էլ պետք է հավասար պայմաններ ստեղծել՝ բոլորին էլ առաջին ոռոգման ջուրը տրամադրել անվճար։ «Թղթի վրա մի բան է, համայնքներում, երբ գյուղացիների հետ խոսում ես՝ այլ բան»,- ջրային կոմիտեի առարկությանը, թե մոտ 200 հազ. տնտեսություն կօգտվի ինքնահոս ջրերից, պատասխանեց Ս. Կարապետյանը։  

Ավելին՝ պարզվեց, որ տարածքային կառավարման նախարարությունում հրավիրված խորհրդակցությանը գյուղնախարարությունը նույնիսկ չի էլ հրավիրվել, ինչը առաջացրեց նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի զարմանքը։

Գյուղնախարարի մյուս դժգոհությունը կապված էր նրա հետ, որ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի շրջանակներում իրականցվող ջրանցքների ու պոմպակայանների վերանորոգման աշխատանքները ձգձգվում են, ինչը շատ տնտեսությունների համար կարող է ծանր հետեւանքներ ունենալ։ Ջրային տնտեսության ղեկավարը խոստովանեց, որ իսկապես ուշացումներ կան ու խոստացավ, որ դրանք կշտկվեն։

Վարչապետ Տ. Սարգսյանը հետաքրքրվեց, թե որքան գումար պետք կլինի, եթե առաջիկայում բոլոր գյուղացիներին անվճար ոռոգման ջուր մատակարարվի; Սակայն այս հարցում էլ գյուղնախարարն ու ջրային տնտեսության ղեկավարը չկարողացան ընդհանուր հայտարարի գալ։ Ըստ Ա. Անդրասյանի՝ առնվազն 800 մլն դրամ է պետք, ըստ գյուղնախարարի՝ շատ ավելի քիչ։   

Այս խառնաշփոթից ինչ-որ կերպ ազատվելու համար վարչապետը 2 կողմերին առաջարկեց շաբաթ օրը հավաքվել ու ընդհանուր լուծումներ գտնել հետեւյալ բանաձեւով՝ հաշվարկները կատարում է ջրային տնտեսությունը, սակայն այդ հաշվարկների տերը գյուղնախարարությունն է։