Մոսկվայի Ցարիցինո միկրոշրջանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը, որի հետեւանքով տուժել են Հայաստանի չորս քաղաքացիներ եւ Հյուսիսային Կովկասի մեկ բնակիչ, կարող էր տեղի ունենալ ազգային թշնամանքի հողի վրա։

Ռուսաստանի մայրաքաղաքի հակաֆաշիստական շրջանակների ներկայացուցիչների կարծիքով, չի բացառվում, որ դա նեոնացիստների ձեռքի գործն է։

Կատարվածը, ինչպես նշում է «Գազետա.ռու»-ի աղբյուրը, նման է նեոնացիստական «Ռուսական կերպար» կազմակերպության կամ որեւէ ինքնուրույն խմբավորման գործողությանը։

«Ձեռագիրը շատ նման է։ Վերջին շրջանում նեոնացիստները դանակներից անցել են պնեւմատիկ զենքի, իսկ որոշները՝ հրազենի։ Չի բացառվում, որ դրանք ինչ-որ թաղային սափրագլուխներ են»,- հայտնել է աղբյուրը։

Մինչդեռ, Ներքին գործերի պետական վարչությունում այս տեղեկությունը չեն մեկնաբանում, տվյալ միջադեպի կապակցությամբ ներկայումս հետաքննություն է ընթանում։

Միաժամանակ, ինչպես հայտնել է «Ռուսաստան» տեղեկատվական կայքը, քննիչները ներկայումս աշխատում են կենցաղային առճակատման վարկածի վրա, որի համաձայն, ծեծկռտուք է տեղի ունեցել մոտակայքում գտնվող Ցարիցինոյի շուկայի առեւտրականների միջեւ։ Ըստ քննիչների, գիշերները միկրոշրջանի այդ հատվածը բավական վտանգավոր տեղ է դառնում այն պատճառով, որ այդտեղից ոչ հեռու գտնվում է նաեւ արվարձանային էլեկտրագնացքների կայարանը, իսկ հենց Տովարիշչեսկայայի փողոցում գործում են շուրջօրյա մի քանի գինետներ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 29-ին Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքը սկսվել է Տովարիշչեսկայա փողոցի թիվ 6 տան մոտ։

Արդյունքում 9մմ տրամաչափի պնեւմատիկ ատրճանակից որովայնի եւ գլխի շրջանում վնասվածքներ են ստացել 5 մարդ, որոնցից չորսը Հայաստանի քաղաքացիներ են։