«Արթիկ» ՔԿՀ-ի վարչական շենքում այսօր`ապրիլի 14-ին, ժամը 14:30-ին, սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի` «Կոշ» ՔԿՀ-ի դեմ ներկայացված հայցի քննությունը: Փաշինյանը վարչական դատարանից պահանջում է, որպեսզի վերացվի «Կոշ» ՔԿՀ-ի պետի կողմից 2010 թվականի սեպտեմբերի 28-ին կայացված որոշումը, որով Նիկոլ Փաշինյանը դարապարտվել է կարգապահական տույժի:
Ինչպես դատարանի շենքից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սահակյանը հենց սկզբից արգելեց լրատվամիջոցների աշխատանքը դատական նիստի դահիլճում: Նա լրագրողներին արգելել է տեսաձայնագրել եւ լուսանկարել դատական նիստը եւ հայտնել, թե դա իր անձնական որոշումն է:
Նիկոլ Փաշինյանն արձագանքելով դատավորի որոշմանը` առաջարկեց, որ դատական նիստի առաջին 13 րոպեներին լրագրողներին թույլ տրվի աշխատել, սակայն դատավորն առաջարկը չընդունեց: Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ միջնորդությամբ` հետաձգել դատական նիստը, քանի որ ինքը ցանկանում է փաստաբան ներգրավել, որպեսզի նրա միջոցով ներկայացնի իր միջնորդությունները:
Թեեւ պատասխանող կողմը` «Կոշ» ՔԿՀ-ի ներկայացուցիչները առարկություն հայտնեցին այս առթիվ, սակայն դատարանը բավարարեց միջնորդությունը: Դատական նիստն անորոշ ժամանակով հետաձգվեց: Հաջորդ դատական նիստի մասին կտեղեկացվի լրացուցիչ:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























