Պետեկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են մաքսանենգ ճանապարհով ներկրված մոտ 140 գրամ ոսկյա զարդեր:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Պրահա-Երեւան չվերթով ժամանած եւ մաքսային հսկողության «կանաչ ուղին» ընտրած ՀՀ քաղաքացի Վասակ Դումանյանի մոտ հայտնաբերվել են դեղին եւ սպիտակ ոսկուց զարդեր, որոնք վերջինս թաքցրել էր հագուստի գրպաններում:
Եվս 140 գրամ ոսկեղեն էլ հայտնաբերել են «Զվարթնոց» մաքսատան աշխատակիցները` նույն Պրահա-Երեւան չվերթի մաքսային հսկողության ժամանակ: Չվերթի ուղեւոր` ՀՀ քաղաքացի Արտաշ Ասիլբեկյանը փորձել էր առանց հայտարարագրելու ներկրել ոսկյա զարդերը. նա ընտրել էր մաքսային հսկողության «կանաչ ուղին», սակայն մաքսատան աշխատակիցները զննման ժամանակ Ա. Ասիլբեկյանի բաճկոնի ծոցագրպաններում հայտնաբերել են մոտ 140 գրամ ոսկյա զարդեր, այդ թվում` մատանիներ, ապարանջաններ, վզնոցներ եւ այլն:
Կատարվում է քննություն:





























