NEWS.am-ի թղթակցի՝ Երեւանի փողոցներում անցկացրած փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ հայ երիտասարդների մեծ մասը դժգոհ է բուհերում տրվող կրթության որակից եւ մակարդակից: Պատճառաբանությունը հիմնականում մեկն է՝ գերակշռում են տեսական դասաժամերը, այն դեպքում, երբ չկան կամ շատ քիչ են գործնական պարապմունքները։
Երեւանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի ուսանողուհի Աննան, օրինակ, ասաց, որ քիմիական ռեակցիաներին տիրապետում է առավելապես տեսականորեն։ «Լաբորիատորիայում համապատասխան գործնական դասաժամեր ընդամենը մի քանի անգամ ենք արել, որպես կանոն՝ միշտ դասախոսություններ ենք գրում»,- դժգոհեց նա։
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանող, ապագա հոգեբան Նարինեն էլ նշեց, որ հակառակ իր եւ կուրսեցիների խնդրանքների՝ իրենց գործնական պարապմունքներ հնարավորություն ընձեռել, մինչ օրս անարձագանք է մնացել։
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սան, ապագա դիրիժոր Գոռը եւս նշեց, որ գործնական պարապմունքներ գրեթե չեն ունենում եւ համերգավարության մեծ ու փոքր հմտություններին ծանոթանում են «չոր ու ցամաք» դասախոսությունների միջոցով։ «Թեկուզեւ փոքր, երաժշտական դպրոցներում կազմակերպվող մի քանի րոպեանոց համերգ ղեկավարելու հաճույքն ինձ համար երազանքի պես բան է, բայց խոստացել են, որ մեզ շուտով նման հնարավորություն կընձեռվի»,- հույս հայտնեց նա։
Իհարկե, եղան նաեւ երիտասարդներ, ովքեր բավական գոհ էին իրենց բուհերում գործնական դասաժամերի որակից եւ քանակից։ Այդպիսիններից էր, օրինակ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող, ապագա ռեժիսոր Կարենը։ Նրա գոհունակությանը չափ ու սահման չկար։
Ուսանողները մի ստվար զանգված էլ բողոքեց դասախոսների պատրաստվածության աստիճանից եւ խորհրդային ժամանակներից մնացած նրանց չթարմացվող գիտելիքներից։
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության բուհական կրթության վարչության պետ Սասուն Մելիքյանը, հայաստանյան բուհերում կրեդիտային համակարգի ներդրումից հետո, քայլեր են ձեռնարկվում գործնական դասաժամերն ավելացնելու ուղղությամբ։ «Այլ կերպ ասած՝ անում ենք ամեն բան, որպեսզի դասախոսակենտրոն համակարգից անցում կատարենք ուսանողակենտրոն համակարգի՝ ուսանողին հնարավորություն տալով ինքնադրսեւորվել»,- ասաց նա։





























