Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի հետեւանքները երկու կողմերի համար էլ սոսկալի կլինեն: Համացանցային քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ֆրանսիական Le Monde թերթի վերլուծաբան Կայծ Մինասյանը`միաժամանակ նշելով, որ նոր ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն չկա:

«Այն, ինչ լսում են Եվրոպայում, ավելի շատ է պատերազմ հիշեցնում, բայց որի դեպքում ռազմական գործողությունների արդյունքում զոհերի մասին չի հաղորդվում: Տվյալ պահին Բաքուն օգտագործում է պատերազմի սպառնալիքը` իր թաթն ավելի երկարելու դիվանագիտական ասպարեզ, եւ դա նրան հաջողվում է:

Հայաստան` տես անցյալը եւ հետեւություններ արա...», - խորհուրդ է տվել Կայծ Մինասյանը` ավելացնելով, որ Արեւմուտքն այս հարցում մի կողմ քաշվածի կեցվածք է որդեգրել, քանի որ չի ցանկանում բանակցությունների այս փուլում մատնացույց անել մեղավորին,  եթե նույնիսկ բոլորը գիտեն, թե նա ով է:

Սակայն, վերլուծաբանի խոսքով,  Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքները միջնորդներին  եւս ձեռնտու չեն: «Մի կողմից նրանք ճնշում են Երեւանին` պնդելով, թե նա պետք է զիջի,  քանի որ Բաքուն սպառնում է: Մյուս կողմից նրանք փորձում են Բաքվին ստիպել վերջ դնել սպառնալիքներին, քանի որ Երեւանն սկսում է զայրանալ ու նյարդայնանալ:  Երկու դեպքում էլ միջնորդները հասկանում են, որ ավելի հեշտ է ազդել պաշտպանվող կողմի (Հայաստանի), քան հարձակվողի (Ադրբեջանի) վրա», - եզրակացրել է փորձագետը: