ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հենց կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն առեւտրային համաձայնագրի «երկրորդ փուլի» վերաբերյալ, ինքը կչեղարկի չինական ապրանքների ներկրման տուրքերը։
«Ես կթողնեմ տուրքերը, քանի որ հակառակ դեպքում մեր ձեռքում խաղաքարտեր չեն մնա բանակցությունների համար։ Սակայն բոլոր տուրքերը կհանվեն հենց մենք ավարտենք երկրորդ փուլը»,- «առաջին փուլի» ստորագրման արարողության ժամանակ իր ելույթում ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը ստորագրել են առեւտրային համաձայանագրի «առաջին փուլը»։ Փաստաթուղթը Սպիտակ տանը ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՉԺՀ պետխորհրդի փոխվարչապետ Լի Հյուի կողմից։
Reuters-ը նախկինում հայտնել էր, որ գործարքի հիմքում երկու տարվա ընթացքում ամերիկյան ապրանքների ներկրումը 200 մլրդ դոլարով ավելացնելու Չինաստանի խոստումն է, որպեսզի կրճատվի ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրային բալանսի դեֆիցիտը, որը 420 մլրդ դոլարի իր գագաթնակետին է հասել 2018թ․։
Չինաստանը խոստացել է առաջիկա երկու տարում ԱՄՆ-ից լրացուցիչ 80 մլրդ դոլարի արդյունաբերական ապրանքներ, այդ թվում՝ ավտոմեքենաներ, ավտոպահեստամասեր, ինքնաթիռներ, գյուղատնտեսական տեխնիկա եւ բժշկական սարքավորումներ գնել։
Պեկինը էներգակիրների գնումները կմեծացնի մոտ 50 մլրդ դոլարով, իսկ ծառայություններինը՝ 35 մլրդ դոլարով, այն դեպքում, երբ գյուղատնտեսական արտադրանքի գնումները երկու տարում կավելանան 32 մլրդ դոլարով՝ համեմատած Չինաստան ԱՄՆ-ի 2017թ․ արտահանման հետ։
Հաշվի առնելով 2017թ․ 24 մլրդ դոլարի գյուղատնտեսական արտահանումը՝ 16 միլիարդի ամենամյա աճը ԱՄՆ-ին մոտեցնում է Թրամփի առաջ քաշած նպատակին, այն է Չինաստանին գյուղատնտեսական արտադրության վաճառքը տարեկան հասցնել 40-50 մլրդ դոլարի։
Գործարքի «առաջին փուլի» շրջանակներում չեղարկվել են չինական արտադրության բջջային հեռախոսների, խաղալիքների եւ նոթբուքերի վրա ԱՄՆ-ի կողմից ծրագրված տուրքերը եւ երկու անգամ նվազեցվել է չինական մոտ 120 մլրդ դոլար կազմող այլ ապրանքների՝ հեռուստացույցների, անլար ականաջակալների եւ կոշիկի վրա տուրքերի սակագները։





























