Թերթը գրում է, որ թուրքական հանրային հեռուստատեսությունը «Հայաստանը կրկին գնդակը նետեց Անկարայի դաշտը» վերնագրով է արձագանքել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Սլովենիայում արած այն արտահայտությանը, թե «Մեր մյուս հարեւանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա, չի ուզում բացել Հայաստանի սահմանը, թեեւ միջազգային պարտավորություն է ստանձնել»:

 «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հարցում կրկնեց իր համար արդեն սովորական դարձած արտահայտությունը: Սարգսյանն ասաց, որ Երեւանը չի հաստատի 2009-ին ստորագրված արձանագրությունները, քանի դեռ դրանք առանց նախապայմանի չեն անցել թուրքական խորհրդարանում:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը նախատեսող արձանագրությունները երկու խորհրդարաններում էլ չեն հաստատվել: Անցյալ տարվա ապրիլին Երեւանը կասեցրել էր արձանագրությունների (վավերացման) գործընթացը: Նախագահ Սերժ Սարգսյանը Սլովենիա կատարած այցի ընթացքում նշեց, որ դուրս չեն եկել Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացից:

Սարգսյանն ասաց, որ Երեւանը որեւէ քայլ չի կատարելու, քանի դեռ թուրքական կողմը չի հաստատել արձանագրությունները: Թուրքիան որպես նախապայման առաջադրում է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը նախքան արձանագրությունների հաստատումը: Իսկ Սարգսյանը կրկնում է, որ Հայաստանը չի կարող ընդունել այս նախապայմանները եւ երբեւէ չի ընդունելու»,- ասված է թուրքական ալիքի ռեպորտաժում: