Այն բոլոր գործատուները, որոնք իրենց վարձու աշխատողների համար կկատարեն առողջության ապահովագրավճարներ, ավելի քիչ շահութահարկ կվճարեն։ Այսօր՝ ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Վախթանգ Միրոյանը:

Բացի այդ, 2010 թ. փոփոխություն է կատարվել «Եկամտահարկի մասին» օրենքում, որի համաձայն ապահովագրավճարները դիտվելու են նվազեցվող եկամուտներ եւ չեն հարկվելու։

Այսպիսով՝ ապահովագրավճարներ կատարած անձանց հարկային բեռը եկամտահարկի ու շահութահարկի մասով կնվազի մոտ 35 տոկոսով։

Հարկային այս փոփոխությունների նպատակը բժշկական ապահովագրության խթանումն է։ Թեեւ առայժմ Հայաստանում բուժապահովագրությունը կամավոր է, սակայն չի բացառվում, որ առաջիկայում պարտադիր դառնա՝ ավտոմեքենաների ապահովագրության հետ միասին։ Կառավարությունն, այդպիսով, նպատակ ունի թեթեւացնել բյուջեի բեռը առողջապահության ֆինանսավորման հարցում։

Ըստ Վ. Միրոյանի՝ գործատուները պետք է մասնակցություն ունենան իրենց աշխատակիցների առողջության պահպանման հարցում։