Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է 1.5 մլրդ եվրո տրամադրել Արեւելյան գործընկերության երկրներին: Այս մասին նշվել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության անդամների հանդիպման ժամանակ:
ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բանկի պատվիրակությունը գլխավորում է Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Ռուսաստանի բաժնի ղեկավար Ֆիլիպ Շիմչակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից` Հայաստանում մի շարք տնտեսական ծրագրերի` այդ թվում Հյուսիս-Հարավ մայրուղու, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը, ինչպես նաեւ այլ խոշոր ներդրումային եւ ենթակառուցվածքային ծրագրերին մասնակցության հարցը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ձեւավորել աշխատանքային խումբ, որը գործնականում կմշակի ծրագրեր եւ կներկայացնի Եվրոպական ներդրումային բանկի քննարկմանը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող Երեւանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի ընթացքի վերաբերյալ եւ պատրաստակամություն հայտնել օգտագործել երկու կողմերում առկա համագործակցության մեծ ներուժը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կազմակերպել համաժողով, որի ընթացքում կներկայացվեն Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի առանձնահատկությունները եւ ոլորտները, իսկ հայկական կողմին հնարավորություն կընձեռվի ներկայացնել կոնկրետ ծրագրեր եւ ստանալ վերջիններիս վերաբերյալ խորհրդատվություն:




























