Այսօր` ապրիլի 15-ին բացվել է Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի միջոցներով վերանորոգված Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի 25 կմ երկարությամբ Կարբիի հատվածը: Բացմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետը Տիգրան Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը եւ այլ պաշտոնյաներ։ Բարձրաստիճան հյուրերին ընդառաջ էին դուրս եկել Կարբիի բնակիչները, ովքեր հատկապես ցանկանում էին վարչապետին ներկայացնել խնդիրները։
«Պարտքերի մեջ ենք խրվել պարոն վարչապետ, էլ էսպես ապրել հնարավոր չի։ Բանկից անցած երկու տարիներին վարկ եմ վերցրել, երկու տարում էլ ամբողջ բերքը անձրեւն ու կարկուտը փչացրեց: Այս տարի ջրի վարձը տալու համար պետք է միակ կովս վաճառեմ, ի՞նչ պետք է անենք», -ասաց 70-ամյա հողագործ Համլետ Վարդանյանը, ով գյուղում 1 հա մրգատու ծառերի այգի ունի։
Վարչապետը նշեց, որ կառավարությունը որոշում է ընդունել գյուղատնտեսական նշանակության վարկեր տրամադրել, որի մայր գումարի եւ տոկոսների մարումը կլինի 6 ամիս հետո:
Նշենք, որ վարկերից պարտքեր ունեցող ոչ մի անձի բանկերը նոր վարկեր չեն տրամադրում։
«Իսկ ջրի հարցն ի՞նչ է լինելու, նվազեցրեք գումարները, որ կարողանանք վճարել: Այգուս ծառերը չորանալու են, չեմ կարողանալու ջրեմ»,- շարունակեց 70-ամյա գյուղացին։ «Ջրի հարցով ձեզ կպատասխանի պարոն Անդրեասյանը»,- ի պատասխան ասաց վարչապետը՝ տեղը զիջելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին։ Վերջինիս առաջին հարցը ծերունուն սա էր. «Քանի՞ երեխա ունես»։ Կարբեցի Համլետ Վարդանյանը պատասխանեց, որ 4 որդի ունի։ «Իսկ ինչո՞ւ էս դու նրանց պահում, հիմա նրանք պետք է քեզ պահեն»,- ջրի վարձն իջեցնելու հարցը բարձրացնող գյուղացուն խորհուրդ տվեց Ջրային տնտեսության կոմիտեի նախագահը։
Գյուղացին սկսեց բացատրել, որ աշխատանք չկա, դրա համար որդիները մեկնել են արտագնա աշխատանքի, արտագնա աշխատանքում էլ հաջության չեն հասել, եւ ստիպված են պարտքով վերադառնալու, եւ ընդհանրապես 1000 տնտեսություն ունեցող գյուղի բնակիչների մեծ մասն է վատ սոցիալական պայմաններում ապրում, որի հիմնական պատճառը աշխատանքի բացակայությունն է, դրան գումարվում է նաեւ հողի եւ ջրի համար գանձվող բարձր հարկերը։ Համլետ Վարդանյանի ասածը հաստատեցին մյուս գյուղացիները։
Խոսակցությունը բուն թեմային վերադարձրեց Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ ոռոգման առաջին ջուրը ցանկանում են անճար տրամադրել։
«Ինչ կլինի ջրի վարձը իջեցրեք, կարողանանք հողը մշակել, թե չէ առաջին ջուրն այնքան կարեւոր չէ»,- փորձեցին իրենց խնդրանքը ընդհանրացված ձեւակերպել գյուղացիները։ Հստակ պատասխան այդպես էլ չեղավ, քանի որ Կարբիի դպրոցի տնօրենն սկսեց ներկայացնել գյուղի դպրոցի խնդիրները։




























