Այս շաբաթ՝ ապրիլի 11-15 ժամանակահատվածում բանկերը բնակչությունից գնել են մոտ 49 մլն կանխիկ դոլար եւ վաճառել 71,6 մլն դոլար։ Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ։
Այսպիսով՝ բնակչության կողմից դոլարի առաջարկը շուկայում շարունակում է մնալ ցածր, թեեւ նախորդ շաբաթվա համեմատ կա որոշ առաջընթաց (ապրիլի 4-9 ժամանակահատվածում բանկերը կարողացել էին գնել 46 մլն կանխիկ դոլար)։
Դոլարի առաջարկի անկումը այն հիմնական պատճառներից մեկն է, որը նպաստում է դրամի արժեզրկմանը։ Ամենայն հավանականությամբ՝ դոլարի առաջարկի անկումը պայմանավորված է Ռուսաստանից տրանսֆերտների մոտ 30 տոկոս կրճատմամբ։
Ըստ ԿԲ տեղեկատվության՝ ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39.4 մլն դոլար: Այսինքն՝ շաբաթվա կտրվածքով 2 արժույթներով տրամադրվել է ընդհանուր առմամբ մոտ 80 մլն դոլարին համարժեք վարկ, որը շատ ցածր ցուցանիշ է։ Համեմատության համար նշենք, որ նախորդող շաբաթում միայն դոլարային վարկերը կազմել են 81,5 մլն դոլար։




























