Հայաստանի խորհրդարանն այսօր հավանություն է տվել երկրում այգեգործության վերականգնման եւ զարգացման վարկային ծրագրին:

Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ծրագիրը նախատեսում է Հայաստանին 15 մլն դոլար վարկի տրամադրում այգեգործության եւ հարակից այլ ոլորտների զարգացման համար: Նրա խոսքով, ծրագիրը նպաստելու է հայկական մրգերի եւ այլ արտադրատեսակների արտահանմանը: Ծրագրի շրջանակներում «Արմֆրուկտ» ՓԲԸ է ստեղծվելու:

«Հենց հայրենի կառավարությունը մի բան է ձեռնարկում, ես սկսում եմ անհանգստանալ: Օրինակ, մի քանի ամիս առաջ ուշադրությունը կենտրոնացրեց պանրի վրա, ստեղծեցին «Հայկական պանիր» ՓԲԸ, հայտարարեցին, թե հայրենական պանիրը շատ որակյալ եւ հեռանկարային է: Ի՞նչ ստացվեց, ոչ միայն գները կտրուկ բարձրացան, այլեւ պարզվեց, որ «հայկական պանրի որակը շատ վատն է, այն վնաս է հասցնում առողջությանը եւ ոչ թե չառաքել, այլեւ ներքին շուկայում վաճառել չարժե: Վախենամ, որ այս ծրագրից հետո նույնը կատարվի նաեւ այգեգործության հետ»,- նշել է Արծվիկ Մինասյանը:

Վերջինիս ելույթի ժամանակ տեղի տվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նյարդերը, եւ նա հայտարարեց. «Դուք գիտեք, թե որքան ենք մենք հարգում եւ գնահատում ձեզ: Դուք ընդհանրապես տեղյա՞կ եք դրանից: Գիտակցո՞ւմ եք դա: Կներեք, բայց մենք էլ մեր փաստարկներն ունենք»: