Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի տեղավորվում որոշ արեւմտամետ հասարակական կազմակերպությունների երկարաժամկետ պլաններում, ուստի միանգամայն հնարավոր է, որ որոշ ժամանակ անց, երբ կառավարության ղեկավարի վարկանիշը տապալվի, այդ ՀԿ ներկայացուցիչները ցանկանան փոխարինել վերջինին մեկով, ով ավելի հաճույքով կկատարի իրենց հանձնարարությունները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 30-ին ասաց «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ այդ կազմակերպությունների գործունեությունն ուղղված է հասարակության հիմքերի խարխլմանը եւ ծառայում է օտարերկրյա երկրների ու կազմակերպությունների շահերին։ «Անհանգստացնում է այն, որ 5-րդ շարասյունը իրականացնում է գործունեություն հիմա արդեն պետական մարմիններում, մասնավորապես, պատգամավորների եւ փոխնախարարների մակարդակով։ Օրինակ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանը արեւմտամետ կազմակերպությունից ստացել է 210 հազար դոլարի գրանտ։ ՀԿ-ն, որի հետ աշխատում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը, ստացել է 200 հազար դոլարի գրանտ։ Բայց այս հարցում ամենաակտիվն են այն կազմակերպությունները, որոնք ղեկավարվում են Դանիել Իոաննիսյանի կողմից, որն ստացել է ընդհանուր առմամբ ավելի քան 250 հազար դոլարի գրանտ, Արթուր Սաքունցի կողմից, որն ստացել է 220 հազար, եւ Լեւոն Բարսեղյանի կողմից։ Այս անձինք, ինչպես նաեւ Ստյոպա Սաֆարյանի (վերջերս դարձել է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ – խմբ.) ղեկավարած ՀԿ-ն 2019-ին բուռն ակտիվություն են ցուցաբերել՝ առաջ մղելով տարբեր օրակարգեր, այդ թվում Ստամբուլյան կոնվենցիայի եւ ուժային կառույցների վարկաբեկման քարոզչություն։ 2020 թվականին կարելի է սպասել ավելի ագրեսիվ եւ սինքրոնացված հայտարարություններ եւ գործողություններ այդ մարդկանցից, որոնք սպառնում են մեր երկրի անվտանգությանը»,- նշեց Ղուկասյանը։

Նա ավելացրեց, որ Դանիել Իոաննիսյանը ակտիվորեն ներգրավված է տարբեր հանձնաժողովների եւ մոնիթորինգային միջոցառումների աշխատանքին։ Մասնավորապես, նա դարձել է ՀԽ անդամ, իսկ նրա գլխավորած կազմակերպությունը մասնաճյուղ է բացել Ղարաբաղում եւ ստացել ֆինանսավորում կառավարությունից  ԼՂՀ-ում ընտրությունների մոնիթորինգ իրականացնելու համար։

Ակումբի մյուս փորձագետը՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը, նշել է, որ Հայաստանում ակտիվորեն գործում են ոչ միայն Սորոսի ֆոնդեր եւ կազմակերպություններ, որոնք «այսբերգի» տեսանելի մասն են։ «Կան բազմաթիվ այլ կազմակերպություններ, որոնք վարում են հակապետական գործունեություն՝ ուղղված Ռուսաստանի հետ համագործակցության խորացման դեմ։ Ինչ վերաբերում է Ղարաբաղում Իոաննիսյանի գործունեությանը, ապա այն ուղղված է լինելու «բնակչությանը խաղաղության պատրաստելուն»։ Բայց հարցն այն է, թե չի վարվի այն արդյոք միակողմանի կարգով եւ ի վնաս հայկական շահերի»,- եզրափակել է նա։