Բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցիչների զարմուհի Քրիստինա Օքսենբերգը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում հույս է հայտնել, որ արքայազն Էնդրյուն կհամագործակցի քննիչների հետ քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի դեմ։
«Էփշթեյնը նպատակ ուներ՝ հանդիպել Էնդրյուի հետ։ Նա հասավ իր նպատակին Ժիսլեն Մաքսվելի միջոցով։ Դա հեշտ էր կազմակերպել... Բայց Էնդրյուն չգիտեր, որ իրեն օգտագործում են»,- հեռուստաալիքին ասել է 57-ամյա Օքսենբերգը։
Նրա խոսքով՝ Էփշթեյնը այլասերված էր, իսկ Մաքսվելը՝ այլասերվածի հանցակիցը։
Բրիտանական թագավորական ընտանիքի ազգականուհու կարծիքով՝ միակ բանը, որ պետք է իմանա ՀԴԲ-ն արքայազն Էնդրյուից, Էփշթեյնի նախկին զուգընկերուհու տեղն իմանալն է։
«Նա հիմար արարքներ է կատարել։ Բայց նա պեդոֆիլ չէ։ Նա սեքս-բանդաներ չի կազմակերպել։ Ես վստահ եմ, որ նա լի է ափսոսանքով եւ զղջումով։ Նա սիրում է իր ընտանիքը։ Նա սիրում է մորն ու չի ցանկանում նրան վշտացնել»,- ասել է Օքսենբերգը։
Ավելի վաղ ԱՄՆ դատախազությունը հայտարարել էր այն մասին, որ արքայազն Էնդրյուն հրաժարվում է համագործակցել ամերիկյան քննության հետ Ջեֆրի Էփշթեյնի գործով, որին մեղադրում են անչափահասների հանդեպ սեռական բռնության եւ մարմնավաճառության կազմակերպման մեջ։
Դատախազ Ջեֆրի Բերմանի խոսքով, ինչպես դատախազությունը, այնպես էլ ՀԴԲ-ն ցանկանում էին հարցաքննել արքայազն Էնդրյուին եւ կապվել են նրա փաստաբանների հետ, բայց արքայազնը լիովին հրաժարվել է համագործակցել քննության հետ։
Արքայազն Էնդրյուն պնդում է, որ չի տեսել եւ չի կասկածել դատապարտելի կամ կասկածելի որեւէ գործողություն, երբ այցելել է Էփշթեյնին։
Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ չի մեկնաբանի այդ գործը, քանի որ դրանով զբաղվում են արքայազնի փաստաբանները։
Ջեֆրի Էփշթեյնը, որը բանտարկվել էր սեռական բնույթի հանցագործությունների համար, ինքնասպան է եղել բանտախցում անցած տարվա օգոստոսին։ Նա 66 տարեկան էր, սպասում էր դատավարությանը։
Նյու Յորքում Էփշթեյնի առանձնատան մոտ ելույթ ունենալով՝ դատախազ Բերմանը հայտարարել է, որ արքայազն Էնդրյուն ոչ մի կերպ չի համագործակցում քննության հետ։
Նոյեմբերին արքայազնը հայտարարել էր, որ շուտով այլեւս չի կատարելու թագավորական պարտականությունները, քանի որ, ըստ նրա, Էփշթեյնի գործը լրջորեն խանգարում է թագավորական ընտանիքի աշխատանքին։
Այդ ժամանակ էլ նա ասել էր, որ պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել իրավապահ մարմիններին։
Էփշթեյնի զոհերի շահերը ներկայացնող փաստաբանն ասել է, որ պատրաստ է պաշտոնապես դատարան կանչել արքայազնին, որպեսզի նա ցուցմունքներ տա երդման տակ։
Արքայազն Էնդրյուի հայտարարությունն այն մասին, թե այլեւս չի մասնակցելու թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին, հետեւել է BBC-ի նրա հարցազրույցին, որից հետո մամուլը խիստ քննադատել է նրան։
Բի բի սիի հարցազրույցում նա ասել է, որ պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ցուցմունքներ տալ երդման տակ, եթե նրա փաստաբանները դեմ չլինեն։
Ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն պնդում է, որ արքայազն Էնդրյուն մի քանի ազդեցիկ տղամարդկանցից մեկն է, որոնց հետ նրան ստիպել են զբաղվել սեքսով 17 տարեկանում։ Բի բի սիի հարցազրույցում նա ասել է, որ ամոթ եւ սարսափ է զգացել, երբ 2001 թվականին նրան իբր ստիպել են սեքսով զբաղվել արքայազն Էնդրյուի հետ։
Արքայազն Էնդրյուն կտրականապես հերքում է, որ ինչ-որ սեռական շփումներ է ունեցել Վիրջինիա Ջուֆրեի հետ։ Նա նաեւ ասում է, որ չի հիշում որեւէ հանդիպում նրա հետ, եւ նրա մեղադրանքներն իր հասցեին անհիմն է անվանում։




























