Վերակառուցմասն եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության տարիներին Հայաստանում տնտեսության մեջ ներդրումների գումարային ծավալը 1,4 մլրդ եվրո է կազմել։ Ընդհանուր առմամբ՝ իրականացվել է մոտ 180 նախագիծ։

Այս մասին այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում ՎԶԵԲ ղեկավար Դմիտրի Գվինդաձեն։ Նրա խոսքերով՝ 2019 թվականը բանկն ավարտել է ներդրումների բարձր ցուցանիշներով՝ 118 մլն եվրո, իրականացվել է 15 ծրագիր, հիմնականում՝ մասնավոր հատվածում։

Գվինդաձեն ընդգծեց, որ ներդրումների ծավալով տարին դարձել է առավել հաջողվածներից մեկը՝ 2019-ը դարձել է երկրորդը 2015-ից հետո, երբ ներդրումների ծավալը հասել էր 138 մլն եվրոյի։ Ներդրումների մեծ մասը՝ մոտ 90 տոկոսը, ներդրվել է մասնավոր հատվածում՝ ուղիղ վարկավորման եւ գործընկեր-բանկերին վարկային գծերի տրամադրումով։ Հատուկ ուշադրություն անցյալ տարի դարձվել է «կանաչ» ֆինանսավորման խթանմանը՝ GEFF-«Կանաչ տնտեսության ֆինանսավորման գործիք» նոր ապրանքատեսակի միջոցով։ Բանկի ծրագրերը, շարունակեց նա, նույնպես ուղղված էին այնպիսի ոլորտների, ինչպիսին էներգաարդյունավետության, ՄՓԲ-ի , ինչպես նաեւ կին-ձեռներեցների նախագծերի ֆինանսավորումն է։

Ինչպես հայտնեց Գվինդաձեն, ՎԶԵԲ-ը համագործակցել է ԵՄ-ի հետ՝ ԵՄ-Հայաստան Փոքր ու միջին բիզնեսի հիմնադրամի ստեղծման համար, որը մասնավոր կապիտալի հիմնադրամ է եւ կառավարվում է միջազգային ներդրումային համագործակցության կողմից։ Ներկայում հիմնադրամը լրացուցիչ մասնավոր կապիտալ է գրավում՝ դիվերսիֆիկացիոն, բազմոլորտ ներդրումային պորտֆելի ստեղծման համար։ Էներգետիկայի ոլորտում բանկը առաջարկել է համագործակցություն «Հայաստանի էկեկտրացանցեր» ընկերության հետ՝ ցանցերի արդիականացման համար երկարաժամկետ ներդրումային ծրագրի շրջանակներում։ Գվինդաձեն տեղեկացրեց, որ ՎԶԵԲ-ը առաջարկել է երկխոսություն վարել էներգետիկ քաղաքականության հարցերի շուրջ՝ արեւային էներգիայի օգտագործումը եւ «պատասխանատու» լեռնահանքային արդյունաբերությունը խթանելու նպատակով։ Բանկը նաեւ իր ներդրումն է արել Գյումրի քաղաքի զարգացման մեջ՝ մասնակցելով փողոցների եւ քաղաքայինլուսավորության վերականգնմանը։

Վենչուրային կապիտալի ներդրումային ծրագրի միջոցով բանկը միջոցներ է ներդրել «PicsArt» ընկերության՝ լուսանկարների խմբագրման հավելվածի մեջ, որը ստեղծել են հայ ծրագրավորողները։ Ընդ որում, նա նշեց, որ ՎԶԵԲ-ի ընթացիկ նախագծերը կազմում են մոտ 365 մլն եվրո եւ այդ ցուցանիշի աճի հույս հայտնեց, քանի որ կան նոր ծրագրված նախագծեր։