Թուրքիայի վարչապետի կողմից «հրեշավոր» անվանված հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի քանդման աշխատանքներն իրականացնող խմբին Կարսում բողոքի ակցիայով են դիմավորել:

Թուրքական Atilim-ի փոխանցմամբ` հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներն ստանձնած «Աֆշին» շինարարական ընկերության աշխատակիցները Կարսում սկսել են ուսումնասիրել հուշարձանը` այն քանդելու համար:  Այդ ընթացքում տեղի բնակչությունը բողոքի է դուրս եկել ապամոնտաժողների դեմ, իսկ երեխաները նրանց ուղղությամբ քարեր են նետել` բղավելով. «Թույլ չենք տա, որ մեր արձանը քանդեք»:

Ընկերության աշխատակիցները անմիջապես ոստիկանություն են կանչել, որն իր հերթին զգուշացրել է բնակիչներին չխանգարել հուշարձանի ապամոնտաժմանը: Սակայն բնակիչները պնդել են, որ դադարեցվի հուշարձանի  քանդման աշխատանքները:

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ «հրեշավոր» էր անվանել հայ-թուրքական բարեկամության նվիրված հուշարձանը եւ հրահանգել` քանդել այն։

Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը: Սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն կրեց: Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվեց Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։

Նաիֆ Ալիբեյօղլուն մի առիթով հայտարարել է, թե  հուշարձանի քանդումը կապված է մի խնդրանքի հետ։ «Այդ խնդրանքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնդրանքն է։ Մենք էլ Ադրբեջանից նավթի, գազի կախվածություն ունենք։ Քանդման միակ պատճառը սա է»,-նշել է Ալիբեյօղլուն։