Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցով «դարի գործարքի» որոշ դրույթներ այնքան էլ չեն համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանության խորհրդի բանաձեւի դրույթներին եւ դա նկատվում է անզեն աչքով, «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԲԿ-ն:
Նրա խոսքով՝ Պաղեստինի եւ արաբական պետությունների արձագանքը, որոնք կողմ չեն գործարքի ընդունմանը, «ստիպում է խորհել ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի կենսունակության շուրջ»:
Հունվարի 28-ին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման նոր ծրագիրը: «Դարի գործարքը» նախատեսում է հրեական եւ պաղեստինյան երկու պետությունների ստեղծում: Ընդ որում՝ ծրագրի համաձայն՝ Երուսաղեմը պետք է մնա Իսրայելի անբաժանելի մայրաքաղաքը, իսկ Պաղեստինի մայրաքաղաքը կդառնա Արեւելյան Երուսաղեմը: Այն նաեւ նախատեսում է, որ ՀԱՄԱՍ շարժումը պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածը՝ ապառազմականացվի:
Իսրայելը սատարել է նախաձեռնությունը: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը դեմ է ներկայացել՝ անվանելով առաջարկը «դարի ապտակ»: Նա հայտարարել է, որ չի ցանկանում պատմության մեջ հիշվել որպես «Երուսաղեմը վաճառած» քաղաքական գործիչ: Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի նախաձեռնությունը համարել են «մղձավանջ աշխարհի եւ տարածաշրջանի համար», ծրագիրը քննադատել է նաեւ Թուրքիան, իսկ Արաբական պետությունների լիգան հերքել է այն:
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել են, որ շարունակում են ուսումնասիրել «դարի գործարքը»: Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ այդ հարցում վերջնական որոշումը պետք է կայացնեն հակամարտության կողմերը:




























