Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարն անցած շաբաթ Բենգազիում Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացիչ Հասան Սալամեի հետ հանդիպման ժամանակ կոշտ քննադատության է ենթարկել համաշխարհային կազմակերպության վերաբերմունքը երկրի գործերին Թուրքիայի միջամտության նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Asharq al-Awsat արաբական թերթին:

Նախօրեին բանակի հրամանատարությունն իրազեկել էր Սալամեի հետ Խաֆթարի բանակցությունների մասին՝ չմանրամասնելով՝ ինչ է հատկապես քննարկվել այդ ժամանակ: Ավելի ուշ Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը թվիթերյան իր էջում հրապարակել էր հաղորդագրություն, որ ֆելդմարշալը հաստատել է ԼԱԲ-ի մասնակցությունը Ֆաիզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության հետ համատեղ բանակցությունների մասին, որոնք կկայանան առաջիկայում Ժնեւում «5+5» ռազմական հանձնաժողովի շրջանակում, որը ստեղծելու մասին որոշումն ընդունվել էր Բեռլինում հունվարի 19-ին կայացած Լիբիայում հակամարտության կարգավորման հարցով համաժողովի ժամանակ: Հակամարտության երկու կողմերը ներկայացրել էին ՄԱԿ-ին ներկայացուցիչների հնգական անուն, որոնք պետք է հանդիպեին Ժնեւում դեռեւս հունվարի 27-ին:

«Սալամեն փորձում էր հավաստիացնել Խաֆթարին, որ Սարաջի աշխատակազմը միտված է հաշտության, սակայն նա իր հերթին քննադատել է ՄԱԿ-ի առաքելությունը չդադարող թուրքական ռազմական աջակցության համար»,-նշել է թերթի աղբյուրը:

Բացի այդ, ինչպես հաղորդում է Asharq al-Awsat-ը, շաբաթ Էր Ռիադում Խաֆթարը եւս խորհրդակցություն է անցկացրել ԼԱԲ-ի հրամանատարության ներկայացուցիչների հետ Տրիպոլիի շրջանում՝ պահանջելով նրանցից «պահպանել զբաղեցրած դիրքերը»: «Խաֆթարն ասել է, որ լիբիացիների մեծամասնությունը պատրաստ է պայքարել թուրքերի դեմ, երբ դա անհրաժեշտ լինի,-նշել է նա:-Հրամանատարը նաեւ ներկայացրել է մեզ տեղի ունեցող իրադարձությունների պատկերը բեռլինյան միջազգային համաժողովի շրջանակում եւ Ռուսաստանի մայրաքաղաքում դրան նախորդած բանակցությունների ժամանակ՝ հաստատելով բանակի անզիջում դիրքորոշումը ահաբեկչությունը եւ ծայրահեղական խմբավորումները չեզոքացնելու նկատմամբ»: