Մալայզիայի բարձրագույն դատարանը սկսել է քննել երկրի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի կնոջ՝ Ռոզմա Մանսուրի նկատմամբ քրեական գործը, որին մեղադրում են մոտ 187 մլն ռինգիտի (45,5 մլն դոլար) չափով կաշառք ստանալու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Star-ին:

Իրավապահները հաստատել են, որ 2016-ին, երբ Նաջիբը գլխավորում էր կառավարությունը, նրա 69-ամյա կինը գումարներ է շորթել Jepak Holdings ընկերության ղեկավարությունից՝ Սարավակ նահանգում մի քանի հարյուր դպրոցների համար հիբրիդային եւ դիզելային էներգասարքավորումների մատակարարման տենդերը շահելու փոխարեն: Ծրագրի արժեքը գնահատվել է 1,2 մլրդ ռինգիտ (304,7 մլն դոլար):

Ռոմզային կարող է սպառնալ մինչեւ 20 տարվա ազատազրկում, ինչպես նաեւ տուգանք, որը 5 անգամ գերազանցում է վնասի չափը:

Նախկին վարչապետի ընտանիքի դեմ հետաքննություն է սկսվել 2018 թվականի մայիսին խորհրդարանական ընտրություններում Նաջիբի պարտությունից անմիջապես հետո: Քվեարկության արդյունքների հրապարակումից մի քանի օր անց նա եւ նրա հարազատները փորձել են լքել Մալայզիան, սակայն ձերբակալվել են օդանավակայանում:

Նաջիբի նկատմամբ դատավարությունը սկսվել է անցած տարվա ապրիլին: Նրա նկատմամբ 7 մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ փողերի լվացում եւ ծառայողական դիրքի չարաշահում: Նրան կարող է մինչեւ 20 տարվա ազատազրկում եւ մարմնական պատիժ սպառնալ՝ ռաթթանի փայտերով հարվածների տեսքով: