Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը չի կասկածում, որ Վերաքննիչ դատարանը կբավարարի դատախազության բողոքը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, դատախազությունը վերաքննիչ բողոք է բերել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործի նյութերն ամբողջ ծավալով պաշտպանական կողմին տրամադրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Դատախազությունը կարծում է, որ հրապարակումը կամ նույնիսկ փաստաբանների ծանոթանացումը կարող է վնասել այլ անձանց շահերը: Իսկ այսօր դատարանը արդեն մերժել է դատավորի ինքնաբացարկի մասին փաստաբանների միջնորդությունը:
«Ես մեկ տոկոսով անգամ չէի կասկածում, որ միջնորդությունը մերժվելու է, եւ մեկ տոկոսով իսկ չեմ կասկածում, որ դատախազության բողոքը բավարարվելու է»,- լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբանը:
Խոսելով դատական նիստի ժամանակ հաղորդման մասին, թե քննիչն ինչպես է կոնկրետ ձեւակերպել նյութերի հավաքումը, Խուդոյանը հաստատեց՝ քննիչը գրել է, որ հավաքված են մեղքը հիմնավորող բոլոր տվյալները:
Նրա խոսքով՝ քննիչի եւ դատախազի գործողությունները խորացնում են այն կասկածները, որ պաշտպանությանը չեն փոխանցվել կարեւոր նյութեր: «Քանի որ նրանք այսպես համառորեն նյութերը չեն տրամադրում, կարծիք է ստեղծվում, որ նրանք ինչ-որ բանի հրապարակումը չեն ցանկանում»,- պարզաբանեց փաստաբանը:





























