Քիչ առաջ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից փորձաքրեագիտական վարչություն տեղափոխվեց առգրավված մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախօրեին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բագրատաշենի, Տավուշի բաժինների հետ համատեղ, իրացնելով օպերատիվ տվյալները, հայտնաբերել են 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացաններ, «Բելկա» տիպի ակոսավոր որսորդական եւ մարտական հրացաններ, 32 տրամաչափի հրացաններ, ինքնաշեն մեկփողանի հրացաններ, «Կարաբին» հրացանի մեծ քանակությամբ փամփուշտներ, «Բայկալ ԻԺ-38Պ» տեսակի հրացան, տրոտիլ տեսակի պայթուցիչներ, վառոդ, պայթուցիչի դետալներ:

«Զինանոց» միջոցառումը ղեկավարել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանն ու ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Վլադ Վարդանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օրերս ոստիկանությունը մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր հայտնաբերել նաեւ Գեղարքունիքի մարզում:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի