Իշխանությունը միշտ էլ կառուցողական երկխոսության կողմակից է եղել եւ շարունակելու է իր այդ գործելաոճը. ընդդիմության կողմից արված
քայլերն իրենց հերթին տպավորություն են ստեղծում, որ երկխոսության հնարավորություն կա։ Ապրիլի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

«Իրատեսական դաշտում գործելու հնարավորություն, իրոք որ կա։ Կան խնդիրներ եւ հարցեր, որոնց շուրջ կարելի է բանակցել, մանավանդ որ իշխանության կողմից քաղաքական բարի կամքն առկա է, կարծես թե ընդդիմությունն էլ կառուցողական մտածելակերպի եւ գործունեության ցանկություն ունի»,- ընդգծց Մինասյանը։

Ասուլիսին ներկա, ՀԱԿ անդամ Սուրեն Աբրահամյանն իր հերթին ասաց, որ ընդդիմությունը բավական իրատեսական խնդիրներ է առաջադրել իշխանություններին եւ վերջին հանրահավաքի ժամանակ իրենց բարձրաձայնած երեք հարցերը (մարտի 1-ի սպանությունների բացահայտում, քաղբանտարկյալների ազատ արձակում եւ Ազատության հրապարակի տրամադրում քաղաքացիներին) կարող են լինել իշխանության եւ ըննդիմության միջեւ այն ջրբաժանը, որտեղից էլ հնարավոր կդառնա երկու կողմերի միջեւ համագործակցությունը։ «Առայժմ համագործակցության եզրեր չեմ տեսնում, սակայն եթե իշխանությունները հետ կանգնեն իրենց տղայական կեցվածքից, երկխոսությունն ավելի առարկայական կլինի։ Ընդ որում, վերոնշյալ երեք կետերը վերջնագիր չեն, այլ պարզապես առաջարկ»,- ասաց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ համագործակցության գաղափարն, ամեն դեպքում, երկուստեք ողջունելի քայլ է։

Ասուլիսի վերջում ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ ընդդիմութունը չպետք է մտածի,որ երկրի եւ ժողովրդի ապագայով միայն ինքն է մտահոգ։ «Դա նախեւառաջ իշխանության պարտականությունն է»,- շեշտեց Մինասյանը։  

Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքում իշխանություններին 15 կետից բաղկացած պահանջագիր էր ներկայացրել, սակայն վերջին երկու հանրահավաքներում դրանցից առանձնացվել եւ կարեւորվել էին վերոնշյալ երեքը։